ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 21-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրում ներկա է գտնվել ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքների մեկնարկին:
Ինչպես հաղորդում են նախագահի մամուլի գրասենյակից, օպերատիվ հավաքներն անցկացվում են 2016թ. զինված ուժերի գործունեության և պատրաստության պլանի համաձայն և նպատակ ունեն կատարելագործել հրամանատարների ու նրանց շտաբների տեսական և գործնական ունակությունները, ռազմավարական և օպերատիվ-մարտավարական օղակների կառավարման մարմինների ներդաշնակության աստիճանը, բարձրացնել ԶՈՒ ղեկավար կազմի մասնագիտական պատրաստության մակարդակը:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ հավաքները կեզրափակվեն ռազմավարական հրամանատարաշտաբային զորախաղերով, որոնցում հաշվի կառնվի ներկայիս տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակը:
«Ընթացիկ հավաքի կարևորությունը պայմանավորում եմ առաջին հերթին այն հանգամանքով, որ այն անցկացվում է Հայաստանի անվտանգության միջավայրի վրա ազդող արտաքին զարգացումների և մեր պետության ներքին կյանքում, կառավարման համակարգում տեղի ունեցող սահմանադրական փոփոխությունների փուլում, մի շարք կարևոր գործընթացների ավարտին և զարգացման նոր շրջափուլի մեկնարկին, ինչը մեզանից յուրաքանչյուրից նոր մոտեցումներ և նոր ջանքեր է պահանջում»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Նա անդրադարձել է անցյալ տարեվերջին կայացած հանրաքվեի արդյունքում Սահմանադրության փոփոխություններին և կարևորել օպերատիվ հավաքների ընթացքում քննարկումը, թե ինչպիսին են նոր Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետության հանդեպ հավանական սպառնալիքների կանխման նպատակով կատարված բարեփոխումները: Սերժ Սարգսյանը խոսել է 2015թ. վերջին ավարտված՝ Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի արդյունքների մասին՝ նպատակահարմար համարելով, ըստ հաստատված պլանի, հավաքի մասնակիցներին իրազեկել առաջիկա հինգ տարիներին զինված ուժերի զարգացման հիմնական սկզբունքների և մոտեցումների մասին:
Սարգսյանն անդրադարձել է նաև անցյալ տարի շփման գծում արձանագրված էսկալացիային, ինչպես նաև իրավիճակին Հայաստանի մերձատարածքում` այդ թվում Սիրիայում և Ուկրաինայում: «Տարեվերջին ՀՀ զինված ուժերը ստացան որակապես նոր սպառազինություն և հետագա մատակարարման երաշխիքներ: Էլ ավելի կարևոր է, որ մշակել եք ձեր օգտագործած եզրույթով՝ «զինված դիմակայությունը զսպելու» նոր հայեցակարգ: Կարծում եմ՝ օգտակար կլինի օպերատիվ հավաքի ընթացքում ներկայացնել պաշտպանության նախարարության մոտեցումները տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի և երկրի անվտանգության ապահովմանն ուղղված գործառույթների կատարման նկատմամբ»,- ասել է նա: