100 նվիրատու հնարավորություն ունի միանալու «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակին՝ 7 մլն դոլար նվիրաբերելով դժվարության մեջ գտնվող երեխաներին: Այս մասին Mediamax.am-ի հետ զրույցում ասել է 100 LIVES նախաձեռնության և «Ավրորա» մրցանակի համահիմնադիր Նուբար Աֆեյանը:
««Ավրորա» մրցանակով մենք՝ հայերս, մեր շնորհակալությունն ենք հայտնում աշխարհին, որ մեկ դար առաջ մեր ազգին օգնեց արժանապատիվ ապագա կառուցել: Այսօր աշխարհում միայն 100 նվիրատու ունի բացառիկ հնարավորություն` միանալու երախտագիտության շղթային՝ 70.000-ական դոլար նվիրաբերելով Մերձավոր Արևելքում ապրող երեխաների կրթաթոշակային ֆոնդին՝ նրանց տալով հնարավորություն սովորելու UWC (Աշխարհի միացյալ քոլեջներ) 14 քոլեջներից մեկում»,- ասել է Նուբար Աֆեյանը:
***
«Ավրորա» մրցանակը (The Aurora Prize for Awakening Humanity) հիմնել են գործարարներ Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը, ինչպես նաև Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը: Մրցանակն Ավրորա Մարդիգանյանի անունն է կրում, որը Հայոց ցեղասպանության տարիներին երեխա էր, երբ հոր և եղբայրների սպանության ականատեսը դարձավ։ Հաղթահարելով բոլոր վտանգները՝ նա ողջ մնաց և աշխարհին պատմեց 1915թ. տեղի ունեցած վայրագությունների մասին։ Մրցանակի հիմքում ինչպես Ավրորայի փրկությունն է, այնպես էլ վերապրումի ու խիզախության հազարավոր անհայտ դրվագներն են, որ եղել են 100 տարի առաջ և կան այսօր:
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի համանախագահներն են Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելը և օսկարակիր դերասան ու բարերար Ջորջ Քլունին։
Վերջինս մրցանակը շնորհելու է դափնեկրին այս տարվա ապրիլի 24-ին Երևանում։ Դափնեկիրն ստանալու է 100 000 դոլարի պարգև և հնարավորություն շարունակելու նվիրատվության շղթան՝ 1 միլիոն դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած կազմակերպություններին։
«Ավրորա»-ի չորս հավակնորդներն են Մարգարիտ Բարանկիցեն` Բուրունդիից, դոկտոր Թոմ Քաթինան` Սուդանից, Սայիդա Ղուլամ Ֆաթիման` Պակիստանից և Բեռնարդ Կինվին` Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունից: