Մի հեղաշրջման պատմություն. Արցախ

serzh sargsyan bako sahakyanԱրցախի նախագահ Բակո Սահակյանը մարտի 21-ին ստորագրել է հրամանագիր ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին: Հանձնաժողովը, որ գլխավորում է Արցախի խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը, պետք է մինչև մայիսի 1-ը ներկայացնի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, որին հավանություն տրվելուց հետո՝ մինչև սեպտեմբերի 10-ը, պետք է մշակի և նախագահին ներկայացնի սահմանադրական բարեփոխումների նախագիծը:

Եթե ավելի հասկանալի լեզվով խոսենք՝ Արցախը, հետևելով Հայաստանի օրինակին, վերածվում է խորհրդարանական հանրապետության, որտեղ երկրի թիվ մեկ դեմքը դառնում է վարչապետը: Հաշվի առնելով այն իրականությունը, որ Արցախի բոլոր քաղաքական ուժերը, բացառությամբ մեկի՝ ընդդիմադիր «Ազգային վերածնունդ»-ի, կողմ են նախագահականից խորհրդարանական-վարչապետական կառավարման անցմանը, կարելի է վստահաբար ասել, որ մինչև տարեվերջ, հավանաբար դեկտեմբերի 10-ին (1991-ի այդ օրն է Արցախում կայացել անկախության հանրաքվե, 2006-ի այդ օրն է Արցախը հանրաքվեով ընդունել Սահմանադրություն, որն ամրագրում է կառավարման նախագահական համակարգը), Արցախում կկայանա Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: Դժվար է պատկերացնել անգամ, որ այդ հանրաքվեում ՈՉ-ը կհաղթի:

Արդարացվա՞ծ է արդյոք Արցախում նախագահական կառավարումից անցում կատարել խորհրդարանականի: Այս հարցի պատասխանը թողնելով այլոց, մենք կներկայացնենք, թե ինչպես 1990-ական թվականներին Արցախը խորհրդարանական կառավարումից անցում կատարեց նախագահականի:

1991-ի սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակեց իր անկախությունը, նույն տարվա դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Անկախության հանրաքվե, իսկ դեկտեմբերի 28-ին՝ խորհրդարանական ընտրություններ մեծամասնական ընտրակարգով: Երբ 1992-ի առաջին օրերին բացվեց Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի առաջին նստաշրջանը, պարզվեց, որ ընտրված պատգամավորների մեծ մասը ՀՅԴ-ի ներկայացուցիչներն են կամ համակիրները: Հունվարի 8-ին Արթուր Մկրտչյանը ընտրվեց խորհրդարանի նախագահ՝ դառնալով Արցախի փաստացի առաջնորդը, քանի որ հայկական երկրորդ հանրապետությունում չկար նախագահի պաշտոն:

Այդ ժամանակ Հայաստանի խորհրդարանում իշխող ուժը Հայոց համազգային շարժումն էր՝ ՀՀՇ-ն, իսկ 1991-ի հոկտեմբերին երկրի նախագահ էր ընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը: Այսպիսով, եթե Հայաստանում հաստատվել էր ՀՀՇ-ի իշխանությունը, ապա Արցախում հաղթել էր ՀՅԴ-ն: Քաղաքական այս իրավիճակը անընդունելի էր Տեր-Պետրոսյանի համար, ով քաղաքական և գաղափարական խորը հակասություններ ուներ ՀՅԴ-ի հետ: Նրա և ՀՀՇ-ականների փորձերը՝ Արցախում ևս հաստատել ՀՀՇ-ի իշխանություն, հաջողություն չունեցան: Ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը, ովքեր Տեր-Պետրոսյանի հիմնական գործընկերներն էին Արցախում և ներկայացնում էին ՀՀՇ-ի արցախյան ցանցը (թեև պաշտոնապես ՀՀՇ-ն գրանցված չէր Արցախում), չկարողացան կանխել ՀՅԴ-ի հաղթանակը:

Արթուր Մկրտչյանը բավականին հեշտությամբ ընտրվեց Արցախի խորհրդարանի նախագահի պաշտոնում: Նրա հիմնական մրցակիցը՝ Ռոբերտ Քոչարյանը, անգամ հրաժարվեց իր թեկնածությունից՝ գիտակցելով պարտության անխուսափելիությունը: Արցախի խորհրդարանում Լևոն Տեր-Պետրոսյանի համախոհները առաջադրեցին Լեոնարդ Պետրոսյանի թեկնածությունը, ով, քվեարկության արդյունքում, բացահայտ պարտություն կրեց 33-ամյա Մկրտչյանից: Արցախում 1992-ի հունվարին ձևավորվեց կառավարություն, առաջին վարչապետ դարձավ Օլեգ Եսայանը: Վարչապետ Եսայանի կառավարության կազմում Սերժ Սարգսյանը համակարգում էր պաշտպանության հարցերը: Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը համագործակցում էր Օլեգ Եսայանի, ինչպես նաև Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ՝ ի հակակշիռ կամ ընդդեմ Արթուր Մկրտչյանի և ՀՅԴ-ի:

Այս իրավիճակը լուրջ դժվարություններ ու բարդություններ էր ստեղծում՝ հաշվի առնելով հատկապես պատերազմական իրավիճակը և հաշվի առնելով, որ Արցախին օգնությունը հասնում էր Հայաստանից կամ Հայաստանի ճանապարհով: 1992-ի ապրիլին, երբ սպանվեց Արթուր Մկրտչյանը (ուշադրություն դարձրեք՝ Հայաստանում առաջին անգամ պաշտոնական սուգ հայտարարվեց Մկրտչյանի եղերական մահվան առիթով, իսկ պաշտոնական բոլոր հաղորդագրություններում նշվում էր, որ Մկրտչյանը սպանվել է), ՀՀՇ-ՀՅԴ հակասությունները ավելի խորացան: Արցախի խորհրդարանը պետք է նոր նախագահ ընտրեր: ՀՅԴ-ն առաջադրեց Գեորգի Պետրոսյանի թեկնածությունը, իսկ հակառակորդները՝ Ռոբերտ Քոչարյանի: Մի կողմից Արցախում պատերազմ էր, մյուս կողմից՝ ներքաղաքական անողոք պայքար: Մի քանի անգամ տեղի ունեցան քվեարկություններ, սակայն Գեորգի Պետրոսյանը, ով խորհրդարանի նախագահի պաշտոնակատարն էր, չէր կարողանում բավարար ձայներ հավաքել: Ռոբերտ Քոչարյանը, ունենալով ՀՀՇ-ի և Լևոն Տեր-Պետրոսյանի աջակցությունը, ավելի պակաս ձայներ էր ստանում:

Ներքաղաքական այս իրավիճակը շարունակվեց մինչև 1992-ի օգոստոս, երբ Հայաստանի ղեկավարության աջակցությամբ նաև Արցախում ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտե, որի ղեկավար դարձավ Ռոբերտ Քոչարյանը: Այսպիսով, ոչ ընտրական ճանապարհով ստեղծվեց քաղաքական մարմին, որին տրվեցին լայն լիազորություններ: Արցախում ՀՅԴ-ՀՀՇ երկիշխանությունը կամ ներքաղաքական պայքարը շարունակվեց մինչև 1993-ի հունիսը, երբ Հայաստանի իշխանության բացահայտ ճնշման տակ Գեորգի Պետրոսյանը հրաժարական տվեց Արցախի խորհրդարանի նախագահի պաշտոնակատարի լիազորություններից: Նրա փոխարեն ընտրվեց Կարեն Բաբուրյանը, որին աջակցում էին Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը:

1994-ի դեկտեմբերին Արցախում ստեղծվեց երկրի նախագահի պաշտոն: Խորհրդարանը, որտեղ արդեն ՀՅԴ-ն չուներ մեծամասնություն, ԼՂՀ նախագահ ընտրեց Ռոբերտ Քոչարյանին: Ուշադրություն դարձրե՛ք՝ Քոչարյանը հանրապետության նախագահ դարձավ ոչ թե ուղիղ ընտրությունների ճանապարհով, այլ խորհրդարանում կայացած քվեարկության արդյունքում: 1995-ի գարնանը Արցախում կայացան Ազգային ժողովի, իսկ 1996-ի վերջերին՝ նախագահական ընտրություններ: Այս անգամ Քոչարյանը նախագահ ընտրվեց ուղղակի քվեարկությամբ: Մի քանի ամիս անց Տեր-Պետրոսյանը Քոչարյանին Արցախից հրավիրեց Հայաստան և նշանակեց վարչապետ: Ավելի վաղ՝ 1993-ի օգոստոսին, Տեր-Պետրոսյանը Հայաստան էր հրավիրել Սերժ Սարգսյանին՝ նրան նշանակելով պաշտպանության նախարար:

1997-ին, ապա և 2002-ին Արցախում կայացան նախագահական ընտրություններ. երկու դեպքում էլ ընտրվեց Արկադի Ղուկասյանը: 2007-ին և 2012-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթեց Բակո Սահակյանը: Արցախում ներքաղաքական զարգացումների տրամաբանությունը հուշում է, որ 2017-ին Արցախում նախագահական ուղղակի ընտրություններ այլևս չեն կայանալու, ինչպես չեն կայանալու ուղղակի նախագահական ընտրություններ Հայաստանում 2018-ին: