ԿԲ-ն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

5-central-bank-1Կենտրոնական բանկի խորհուրդը մարտի 29-ի նիստին 0.25 տոկոսային կետով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով այն 8.25%:

ԿԲ մամուլի հաղորդագրության համաձայն` 2016թ. փետրվարին արձանագրվել է 1.4% գնանկում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0.1%-ի դիմաց: Արդյունքում, 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել և ամսվա վերջին կազմել է -1.7%: ԿԲ-ն նշում է, որ ամսվա ընթացքում արձանագրված գնանկումը գերազանցապես պայմանավորվել է ներմուծված պարենային ապրանքների գների նվազմամբ:

«Արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության դանդաղ աճի միտումները և միջազգային ապրանքային շուկաներում ձևավորված գնանկումային միջավայրը: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին ներքին գների վրա կպահպանվի արտաքին հատվածից փոխանցվող գնանկումային ազդեցությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

ԿԲ խորհուրդն արձանագրում է, որ հունվար-փետրվարին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը փոքր-ինչ գերազանցել է սպասելիքները՝ կազմելով 4.7%, որին հիմնականում նպաստել է արդյունաբերության ճյուղում և ծառայությունների մասով գրանցված բարձր աճը:

«Չնայած առաջին եռամսյակի ընթացքում Կենտրոնական բանկը և կառավարությունը շարունակել են իրականացնել խթանող քաղաքականություն, ներքին պահանջարկը դեռևս պահպանվում է ցածր մակարդակում: Միևնույն ժամանակ, տարեսկզբին դիտվել է տեղական ապրանքների և ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկի և արտահանման զգալի աճ, ինչն ամբողջությամբ չեզոքացրել է համախառն պահանջարկի վրա ներքին թույլ պահանջարկի ազդեցությունը: Հետևաբար, ձևավորված ցածր գնաճն առավելապես արդյունք է հումքային և պարենային հիմնական ապրանքների միջազգային շուկաներից փոխանցված գնանկումային ազդեցությունների, ինչը շարունակում է նպաստել եկամուտների գնողունակության պահպանմանը, կազմակերպությունների ծախսերի կրճատմանը և գնաճային սպասումների աստիճանական նվազմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Այս պարագայում ԿԲ խորհուրդը գտնում է, որ նախորդ տարվա վերջին դրամավարկային պայմանների կտրուկ թուլացումը հիմնականում բավարար է գնանկումային ճնշումները տարվա ընթացքում չեզոքացնելու համար:

«Ուստի, ներկայումս ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել դրամավարկային պայմանների աստիճանական թուլացումը, որի արդյունքում տարվա երկրորդ կիսամյակից գնաճային միջավայրն աստիճանաբար կընդլայնվի և կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կմոտենա նպատակային ցուցանիշին»,- նշում են ԿԲ-ում:

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով` մինչև 8.5%, իջեցրել էր 2016թ. փետրվարի16-ին: