Ամփոփվել է Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնը

Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը և Beeline-ը մարտի 29-ին ամփոփել են Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնը` ներկայացնելով փառատոնի արդյունքները:

Փետրվարին և մարտին մայրաքաղաքում ու երեք մարզում անցկացվեց Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնը, որին, համաձայն Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատան հաղորդագրության, մասնակցել է ավելի քան 25 հազ. մարդ: Այս տարի փառատոնի շրջանակում ցուցադրվել է յոթ ֆիլմ` ներկայացնելով ժամանակակից Բրիտանիան իր բազմազանությամբ ու նորարարությամբ: Երևանում մեկ շաբաթ` յուրաքանչյուր օր երեք անգամ, Ապարան, Դիլիջան ու Ալավերդի քաղաքներում ցուցադրվել են փառատոնի ֆիլմերը:

«Շատ ուրախ ենք, որ բրիտանական ֆիլմերը մեծ հետաքրքրություն են առաջացրել մեր հայ բարեկամների շրջանում: Ցուցադրված ֆիլմերը բրիտանական ֆիլմարտադրության լավագույն նմուշներից են: Դրանք անդրադարձել են այնպիսի արժեքների, ինչպիսիք են մարդու իրավունքները, արդարադատությունն ու բազմազանությունը: Ուստի մենք հպարտ ենք, որ Բրիտանական դեսպանատունը հանդես է եկել որպես նախաձեռնության համաֆինանսավորող: Ես շնորհակալ եմ մեր մասնակցությունը գնահատելու համար: Նաև շնորհակալ եմ Բրիտանական խորհրդին և Beeline-ին՝ Բրիտանական ֆիլմերի փառատոնն իրականություն դարձնելու համար»,- ասել է ՄԹ փոխդեսպան Ամիաս Մուրզը:

«Մենք ուրախ ենք, որ մեր համագործակցությունը Բրիտանական խորհրդի և Երևանում Բրիտանական դեսպանատան հետ հնարավորություն է ընձեռում երիտասարդներին ծանոթանալ բրիտանական կինոգործիչների աշխատանքներին։ Հատկանշական է, որ Բրիտանական ֆիլմերի փառատոնը դարձել է սպասված իրադարձություն մեր մշակութային կյանքում, տարեցտարի ընդլայնվում է ֆիլմերի ցուցադրման աշխարհագրությունը՝ ընդգրկելով նոր շրջաններ, իսկ Beeline–ն իր հերթին դարձնում է մասնակիցների կյանքն էլ ավելի լավը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Բրիտանական ֆիլմերի փառատոնը Բրիտանական խորհրդի կարևորագույն ու նշանակալից միջոցառումներից է, որն իր ծավալներով հնարավորություն է տալիս ներգրավել հազարավոր մարդկանց»,- իր հերթին նշել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Բրիտանական ֆիլմերի փառատոնի փակման արարողությանը ամփոփվել են նաև Լավագույն գրախոսականի և BestofBritish Selfie մրցույթի արդյունքները: Հաղթողներին տրամադրվել են մրցանակներ: