ԱՄՆ Հավայի նահանգը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը

640px-Hawaii_State_LegislatureԱՄՆ Հավայի նահանգի Ներկայացուցիչների պալատը մարտի 29-ին ընդունել է թիվ 167 բանաձևը, որով ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Բանաձևը միջազգային հանրությանը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ որպես ազատ, անկախ և ինքնիշխան ժողովրդավարություն:

Փաստաթուղթը կարևորում է Արցախի՝ ինքնորոշման համար մղված շարունակական պայքարը՝ որպես «բազմաթիվ ազգերի ոգեշնչման աղբյուր», որը դարձել է «նախկին Խորհրդային Միության փլուզման կատալիզատորներից մեկը»: Փաստաթղթում միաժամանակ շեշտվում է, որ Արցախի ժողովուրդը ցուցաբերել է «տոկունություն և անսասանություն պատերազմի, կոտորածների, տնտեսական փլուզման և այլ ծանր դժվարություններին առերեսվելիս»:

Բանաձևը նաև վկայակոչում է միջազգային դիտորդների՝ 2015թ. մայիսի 3-ին Արցախում կայացած ընտրությունները «ազատ և թափանցիկ» որակող գնահատականը:

Այսպիսով` ԱՄՆ Հավայի նահանգը համալրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչող և աջակցող Ռոդ Այլենդ, Մասաչուսեթս, Լուիզիանա, Մեյն, Կալիֆոռնիա և Ջորջիա նահանգների շարքը:

Թիվ 167 բանաձևի հայերեն ոչ պաշտոնական թարգմանությունը` այստեղ: