$1 մլն է պետք ընտրացուցակները մաքրելու համար, ըստ Լևոն Զուրաբյանի

electoral codeԱյսօր Ազգային ժողովում տեղի է ունենում 4+4+4 ֆորմատով նոր Ընտրական օրենսգրքի շուրջ ընդդիմության, քաղաքացիական հասարակության ու իշխանության միջև երկրորդ հանդիպումը։ Մինչ հանդիպման մեկնարկը կողմերը պայմանավորվեցին, որ ի տարբերություն նախորդ քննարկման, այս անգամ այն անցկացվելու է բաց ու  կարող է նկարահանվել։

Անցյալ հանդիպումից հետո համացանցում էր հայտնվել քննարկման ձայնագրությունից որոշ հատված, ու այդ պատճառով մասնակիցները որոշեցին քննարկումն ամբողջությամբ տեսաձայնագրելու հնարավորություն տալ։ Կողմերը քննարկեցին էլեկտրոնային քվեարկության հետ կապված հարցեր, ապա՝ ընտրացուցակները մաքրելու մեխանիզմների հետ կապված հարցեր։

«Ցուցակների մաքրման խնդիրը 2011-ից ի վեր ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի բոլոր զեկույցնրում ներկայացված է»,- ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։ Նա բերեց Վրաստանի օրինակն ու ասաց, որ Միխեիլ  Սաակաշվիլիի նախագահության օրոք այնտեղ 21 հոգուց բաղկացած հանձնաժողով է ստեղծվել, որում ընդգրկվել են իշխանության, ընդդիմության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ՝ քննարկելու ցուցակները մաքրելու մեխանիզմը։ Հանձնաժողովը ներդրել է  շուրջ 2.5 միլիոն դոլար ու գործընթացում ներգրավել 11 000 մարդու, որոնք ամբողջ Վրաստանի տարածքով տուն առ տուն պտտվելով՝ մաքրել են ցուցակները: Արդյունքում քաղաքացիների վստահությունը ընտրական ցուցակների նկատմամբ աճել է։ Պատգամավորը կարծիք հայտնեց, որ Հայաստանում դա կարելի է անել 1 միլիոն դոլար ներդնելով՝ 3000 հոգով, որոնց թվում կարող են լինել իշխանության ներկայացուցիչներ։