Արցախին նվիրված քննարկում` Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտում

041941180248ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը ապրիլի 15-ին ելույթ է ունեցել Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտում «Կովկասի թեժ կետ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կոնտեքստում» վերնագրով կազմակերպված քննարկմանը` նվիրված ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիային և տարածաշրջանին առնչվող խնդիրներին:

Ինչպես հաղորդում են Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության մամուլի ծառայությունից, ԼՂՀ ներկայացուցիչն իր ելույթում ներկայացրել է վերջին իրադարձությունների ընթացքը և դրա հետևանքները։ Նա ընդգծել է բանակցային սեղանի շուրջ որպես հավասար կողմ Արցախի վերադարձի կարևորությունն ու ԼՂՀ միջազգային ճանաչման անհրաժեշտությունը:

Քննարկմանը ելույթով հանդես է եկել նաև տարածաշրջանային փորձագետ Փիթեր Դեբինսը, որը 2005թ. աշխատել է Ադրբեջանում որպես խորհրդատու պաշտպանության ոլորտում:

Դեբինսը ներկայացրել է իր դիտարկումները` կապված Ադրբեջանի էներգետիկ պաշարների, երկրի բարդ տնտեսական իրադրության, ռազմական ոլորտի ծախսերի և սոցիալական հիմնախնդիրների վերաբերյալ:

Միջոցառմանը, որը կազմակերպել և վարում էր Global Research Center կազմակերպության հիմնադիր Վիլեն Խլղաթյանը, մասնակցել են հայ և օտարերկրյա դիվանագետներ, ինստիտուտի ներկայացուցիչներ, փորձագետներ, լրագրողներ, ամերիկահայ համայնքի անդամներ: