Հայաստանից հեռանալ ցանկացողների թիվն աճել է 70%-ով՝ 8 տարում

armenia-migration-aeroport2015թ․ իրականացված հարցումների համաձայն՝ Հայաստանը պատրաստ է լքել հարցվածների ավելի քան 31 տոկոսը։ 2008թ․ հարցվածների ընդամենը 18 տոկոսն էր ցանկանում լքել Հայաստանը։ Այսինքն՝ 2008թ. համեմատությամբ երկրից հեռանալ ցանկացողների թիվն աճել է 72 տոկոսով: Այս արդյունքները ստացվել են Կովկասյան բարոմետր ծրագրի շրջանակում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի կատարած հարցումների արդյունքում։

Հարցման արդյունքում պարզվել է, որ բնակչության վստահությունը շատ ցածր է դատական, օրենսդիր, գործադիր մարմիմների նկատմամբ։ Գործադիր և դատական մարմիններին վստահում է հարցվածների ընդհամենը 12,5 տոկոսը։ Սակայն միևնույն ժամանակ բարձր է վստահությունը բանակի նկատմամբ՝ ավելի քան 76 տոկոս։ Հատկանշական է, որ եթե 2011թ․ հարցվածների 57 տոկոսը նախընտրում էր ժողովրդավարությունը, ապա 2015թ․՝ ընդամենը 35 տոկոսը։ Իսկ արդյոք ժողովրդավարակա՞ն են համարում Հայաստանը. Հարցվածների ընդամենը 13 տոկոսն է դրական պատասխան տվել այս հարցին, մինչդեռ 2011թ. այդ ցուցանիշը 21 տոկոս էր։ Ավելին, 2015թ. հարցվածների 46 տոկոսը համոզված է, որ Հայաստանի ներքին քաղաքականությունը ընթանում է սխալ ուղղությամբ։

Տնտեսության տեսանկյունից Հայաստանում առաջնային խնդիրները համարվում են գործազրկությունը և աղքատությունը։ Եթե մինչ 2009թ․ ճգնաժամը գործազրկությունը Հայաստանի առաջ ծանրացած ամենակարևոր խնդիրն էին համարում հարցվածների 27 տոկոսը, ապա 2015թ․՝ 40 տոկոսից ավելին։ Իսկ լավ աշխատանք գտնելու ամենակարևոր գործոնները համարվում են կապերը և կրթությունը։

Աղքատության տեսանկյունից հարցված տնային տնտեսությունների ⅔-ի ամսական եկամուտը կազմում է 250 դոլարից քիչ։ Համաշխարհային բանկի համաձայն՝ Հայաստանում օրական 5 դոլարից ցածր եկամուտ ստացողները կազմել են ընդհանուր բնակչության 76 տոկոսը։ «Նորմալ կյանք» վարելու համար նվազագույն ամսական եկամուտը, ըստ Հայաստանում հարցվածների կեսից ավելիի, պետք է լինի առնվազն 400 դոլար։ Համաշխարհային բանկը 2016թ․ Հայաստանում կանխատեսել է 1,9 տոկոս տնտեսական աճ՝ նախորդ տարվա 3,0 տոկոսի փոխարեն։

Բնակչությունը պատրաստ է լքել երկիրը կամ արդեն լքել է։ Իսկ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ երկիրը շարունակում է գրանցել տնտեսական բարձր ակտիվություն։

Աղքատության և գործազրկության բարձր մակարդակի պատճառով Հայաստանից՝ այլ վայրում մշտապես բնակվելու նպատակով մեկնելու պատրաստ է հարցվածների 31 տոկոսը՝ 2008թ․՝ 18 տոկոսի փոխարեն։ Հարցվածների 92 տոկոսը արդեն իսկ ունի մոտ ազգական, որը բնակվում է երկրի սահմաններից դուրս։ Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանը լքել և չի վերադարձել միջինը 47 375 քաղաքացի։

Այսպիսով ըստ հարցվածների՝ Հայաստանը սխալ ներքին քաղաքականություն է վարում, վատթար է տնտեսությունը՝ գործազրկության և աղքատության բարձր մակարդակի պայմաններում։ Արդյունքում բնակչությունը պատրաստ է լքել երկիրը կամ արդեն լքել է։ Իսկ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ երկիրը շարունակում է գրանցել տնտեսական բարձր ակտիվություն։ 2016թ․ առաջին եռամսյակում աճը կազմել է 5,5 տոկոս՝ արդյունաբերության՝ 8,9 տոկոս և ծառայության ոլորտի՝ 9,6 տոկոս աճի հաշվին։

Ենոք Հակոբյան