Լավրովը Երևանում կառաջարկի «կարգավորման որոշ գաղափարներ»

1297703370 «Սերգեյ Լավրովը երբեք որևէ տեղ դատարկաձեռն չի մեկնում»,- ասել է Մարիա Զախարովան:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երևան այցի ընթացքում կառաջարկի ղարաբաղյան հակամարտության կարգավորման որոշ գաղափարներ, ռուսական «Ռիա նովոստի» գործակալության հաղորդմամբ` հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ապրիլի 21-ի ճեպազրույցին:

«Սերգեյ Լավրովը երբեք որևէ տեղ դատարկաձեռն չի մեկնում»,- ասել է նա` լրագրողների խնդրանքով մեկնաբանելով լրատվամիջոցների հրապարակումները, թե Ռուսաստանի արտգործնախարարը Երևան է ժամանում ԼՂ հակամարտության կարգավորման ծրագրով:

«Ասել, որ դա ծրագիր է, նախագիծ, փաստաթուղթ, կարծում եմ` ճիշտ չէ: Խոսքը որոշ լրամշակումների (определенные наработки), կարգավորմանը համահունչ տարբեր գաղափարների քննարկման մասին է: Հենց դրանում էլ կայանում է միջնորդական դերը: Մեր միջնորդական դերը կողմերի հետ խոսելու, հնարավորությունները քննարկելու, նրանց մտահոգությունները լսելու, հանգուցալուծման տարբերակներ առաջարկելու մեջ է»,- ասել է Զախարովան:

Նա շել է, որ Ռուսաստանը վստահ է` ղարաբաղյան հակամարտության կողմերին հարկ է զսպվածություն դրսևորել, վերականգնել բանակցային գործընթացը:

«Այժմ պահանջվում է դրսևորել զսպվածություն, գործը հասցնել կայունության վերականգնմանը: Համոզված ենք, որ կողմերին անհրաժեշտ է վերսկսել բանակցային գործընթացը, որն ուղղված կլինի կայուն խաղաղ կարգավորման ձեռքբերմանը»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Նրա խոսքով` կողմերին անհրաժեշտ է ակտիվացնել ռազմական ռիսկերի նվազեցմանն ուղղված աշխատանքը: Զախարովան հաստատել է, որ ռուսական կողմը պատրաստ է որպես միջնորդ կողմերին ցուցաբերել անհրաժեշտ ողջ օժանդակությունը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով Հայաստան է ժամանում ապրիլի 21-22-ը:

Լավրովին կընդունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ապրիլի 22-ին կկայանան Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները և համատեղ մամլո ասուլիսը:

Լավորվի այցի նախաշեմին` ապրիլի 20-ին, ռուսական «Կոմերսանտ» թերթը, վկայակոչելով Կրեմլում իր աղբյուրը, գրել էր, որ որ Մոսկվան գերկարևոր նշանակություն է տալիս ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը:

«Համոզելով Երևանին և Բաքվին դադարեցնել ռազմական գործողությունների ակտիվ փուլը՝ Պուտինը մտադիր է վերակենդանացնել խաղաղ գործընթացը՝ հետխորհրդային տարածքում ամենահին հակամարտություններից մեկի երկարաժամկետ կարգավորման նպատակով: Երկխոսության վերսկսման դեպքում ղարաբաղյան հարցի կարգավորման նախաձեռնությունը արևմտյան միջնորդներից անցնում է Մոսկվային»,- գրել էր պարբերականը:

Ռուսական մեկ այլ թերթ` «Իզվեստիան», ավելի վաղ նույնպես անդրադարձել էր ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը և գրել էր, որ Ռուսաստանը և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը ակտիվորեն աջակցելու են Լեռնային Ղարաբաղի բանակցություններում փոխզիջման հասնելուն: