Պատերազմը, Հրազդանի ընտրությունները և 4+4+4 բանակցությունները

«Ապրիլյան պատերազմից» հետո հանրությունն ակնկալում էր, թե իշխանությունը հասկացել է, որ երկար տարիներ վարվող այս քաղաքականությունն է հանգեցրել Հայաստան պետության թուլացմանը, ինչի հետևանքով էլ Ադրբեջանը փորձել է օգտվել ստեղծված իրավիճակից։

Մինչ Ադրբեջանը նավթի հաշվին հարստանում էր, Հայաստանում արվում էր ամեն ինչ տնտեսական զարգացումը սահմանափակելու համար: Վերջին տարիներին 50 տոկոսի ինստիտուտը էլ ավելի ամրապնդվեց, իսկ այն ոլորտներում, որտեղ 50 տոկոսի ինստիտուտը չէր աշխատում, Սերժ Սարգսյանն իր շրջապատի հետ միասին նոր մեթոդներ մտածեց: Դրա վառ օրինակներից մեկը ճանապարհային տեսախցիկների տեղադրումն է, որի միջոցով քաղաքացիներից անուղղակի հարկեր են գանձվում:

Ապրիլի 17-ին Հրազդանի քաղաքապետի ընտրությունը քաղաքական հնարավորություն էր ստեղծել, որպեսզի իշխանությունը ընտրակեղծիքները գործի չդնի ու թույլ տա, որ տեղի ունենան ազատ և մրցակցային ընտրություններ: Սակայն Սերժ Սարգսյանը որոշեց գործի դնել ավանդական ընտրակեղծարարությունների մեքենան, ինչի հետևանքով ՀՀԿ-ի թեկնածուն կարողացավ ապահովել սեփական վերարտադրությունը:

Դեռ ապրիլի 11-ին Լևոն Տեր-Պետրոսյանն իր հայտնի հարցազրույցում կոչ արեց համախմբվել Սերժ Սարգսյանի շուրջ: Իրականում Սարգսյանը ցույց տվեց, որ նա որևիցե ձև չի ցանկանում փոփոխել իր վարքագիծը, և ստացվում է, որ հանրությունը պետք է համախմբվի ընտրակեղծարարության շուրջ: Ավելին, արդեն պարզ է, որ Արցախի շուրջ բանակցությունները դեռ երկար են ձգվելու, ու դրանցով չպետք է պայմանավորել բարեփոխումները:

4+4+4 ձևաչափով բանակցությունները, որին մասնակցում էին իշխանությունը, ընդդիմությունը և քաղաքացիական հասարակությունը, ի սկզբանե նպատակ ուներ ձևավորել կոնսենսուսային մի փաստաթուղթ, որը թույլ կտար օրենսդրական մակարդակում լուծում տալ երկար տարիներ գոյություն ունեցող ընտրախախտումներին, սակայն իշխանությունը գրեթե ամեն ինչ արեց խնդիրներին լուծում չտալու ուղղությամբ: Արդյունքում բանակցությունները մեծ հաշվով ձախողվել են։

Ընտրական օրենսգիրքը և ընտրությունները այն կարևոր գործիքներն են, որոնցով հնարավոր է երկրում սկսել կարևոր բարեփոխումներ: Չփոխելով ընտրական արատավոր համակարգը, իշխանությունը ցույց է տալիս, որ չի պատրաստվում երկրում կատարել բարեփոխումներ:

«Ապրիլյան պատերազմը» ևս մեկ անգամ հաստատեց՝ Հայաստանը լուրջ բարեփոխումների կարիք ունի, քանի որ այսպիսի կառավարման համակարգով դժվար կլինի մրցակցել Ադրբեջանի հետ, և անվտանգություն ապահովել: Սակայն Սերժ Սարգսյանի և իշխանության համար առաջնային խնդիրներ են սեփական ռեսուրսների և զբաղեցրած պաշտոնների ապահովումը, իսկ հետ միայն երկրի անվտանգությունը:

Իշխանությունը ցույց է տալիս, որ պատրաստ չէ սեփական նախաձեռնությամբ գնալ փոփոխությունների։ Նման իրավիճակում հանրությանը մնում է միայն մեկ ելք՝ ճնշումների միջոցով պարտադրել փոփոխություններ: