Պայթյուն ավտոբուսում՝ Հալաբյան փողոցում (թարմացվող)

Ապրիլի 25-ի երեկոյան Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում՝ «Նիգ» սրճարանի մոտակայքում, պայթյուն է տեղի ունեցել թիվ 63 երթուղին սպասարկող Bogdan մակնիշի 4829Տ պ/հ ավտոբուսում: Նախնական տվյալներով` զոհվել է երկու մարդ, յոթ մարդ վիրավորվել է: ՍիվիլՆեթը ներկայացնում է պատահարի շուրջ զարգացումները՝ հակադարձ ժամանակագրությամբ:

18:00

ՀՀ Քնչական կոմիտեի հաղորդագրությունը

Քննությամբ և ԱԱԾ-ի հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքի վայրում հայտնաբերված բջջային հեռախոսային քարտի բաժանորդը կենցաղային հողի վրա ունեցել է դժգոհություն ազգականների հետ և նախապատպաստվել է պայթեցման եղականով նրանց վնասել։
Միջազգային ահաբեկչության և ահաբեկչության վարկածն առաջ քաշելու համար քննությամբ և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում որևէ տվյալ ձեռք չի բերվել:

16:30

ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրությունը

Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ միջոցառումների և քննչական ակտիվ գործողությունների արդյունքում ամբողջությամբ հերքվել է տեղական և միջազգային մամուլում շրջանառվող՝ ահաբեկչության վարկածը. հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
«Քննչական գործողությունների ընթացքում առաջ քաշված բոլոր վարկածների մանրամասն ուսումնասիրությունը շարունակվում է: Կատարվում են քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ բոլոր վարկածների լիարժեք ստուգման և պայթյունի դրդապատճառները պարզելու ուղղությամբ: Նախաքննական մարմինը կշարունակի պարբերաբար հանրությանը տեղեկատվություն տրամադրել գործողությունների ընթացքի վերաբերյալ: Այս պահին արդեն իսկ ամբողջությամբ հերքվել է ապրիլի 25-ի ուշ երեկոյան Հալաբյան փողոցում 63 համարի երթուղու ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի՝ ահաբեկչական գործողություն լինելու վարկածը»,- ասված է դատախազության հաղորդագրության մեջ:

15:10

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ցավակցում է երեկ երեկոյան ավտոբուսի պայթյունի ողբերգական միջադեպին զոհ գնացած երկու անձանց ընտանիքներին և շուտափույթ ապաքինում է մաղթում վիրավորներին:

Մենք պատրաստ ենք օգնության ձեռք մեկնել Հայաստանի իշխանություններին միջադեպի քննության գործում և գովեստով ենք նկատում ոստիկանության կողմից իրականացվող հավասարակշիռ ու արհեստավարժ քննությունը:

14:30

Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել ավտոբուսի պայթյունի վերաբերյալ:

Դեպքի վայրի զննությամբ, ի թիվս քրեական գործով էական նշանակություն ունեցող այլ առարկաների, հայտնաբերվել է բջջային հեռախոսային քարտ: Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համագործակցաբար պարզվել է տվյալ քարտի բաժանորդի ինքնությունը, որը ՀՀ քաղաքացի է, նախկինում երկու անգամ դատված։ Նրա բնակության վայրում օրենքով սահմանված կարգով ապրիլի 26-ին իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է «տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, պայթուցիչ սարքեր (դետոնատոր) և տարբեր տեսակի էլեկտրասարքավորումներ։

«Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութի տարրեր, հետքեր հայտնաբերվել են նաև ավտոբուսի և դեպքի վայրի զննությամբ առգրավված փորձանմուշների վրա, ինչը հիմնավորվել է նշանակված փորձաքննության նախնական եզրակացությամբ:

Քննչական կոմիտեն նշում է, որ նախաքննության այս փուլում ահաբեկչության վարկածի վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել:

Քննչական կոմիտեի հաղորդագրությունն ամբողջությամբ` այստեղ:

10:30

ՀՀ առողջապահության նախարարության հաղորդագրությունը

Հալաբյան փողոցում ապրիլի 25-ի ուշ երեկոյան տեղի ունեցած ավտոբուսի պայթյունի հետևանքով «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում ներկա պահին բուժում է ստանում յոթ քաղաքացի, որոնցից մեկը այսօր առավոտյան ժամը 4-ի դրությամբ է տեղափոխվել բուժհաստատություն: 62-ամյա կնոջ պնդմամբ` նա ևս ավտոբուսի պայթյունից է տուժել: Կինը նշել է, որ ինքնուրույն հեռացել է պատահարի վայրից, սակայն ինքնազգացողության վատացման պատճառով դիմել է շտապօգնության ծառայության և տեղափոխվել բժշկական հաստատություն: Նրա ինքնության մանրամասները ճշտվում են իրավապահ մարմինների կողմից:

Առավոտյան ժամը 10-ի դրությամբ բոլոր տուժածների առողջական վիճակը գնահատվում է կայուն: Տուժածների բուժօգնությունը համակարգում է անմիջապես ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ով պատահարից րոպեներ անց տեղում կազմակերպել է բոլոր աշխատանքները, կատարվել են անհրաժեշտ հետազոտությունները: Հանրապետության գլխավոր և առաջատար մասնագետների ներգրավվածությամբ նախարարը տուժածների առողջական վիճակը գնահատելու նպատակով պարբերաբար հրավիրվել է բժշկական կոնսիլիումներ:

Վիրահատված 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակում դիտվում է դրական տեղաշարժ: Վիրահատական բարդ միջամտության արդյունքում բժիշկներին հաջողվել է պահպանել պատանիներից մեկի վերջույթը: Առավոտյան տղաները կրկին անցել են բոլոր անհրաժեշտ հետվիրահատական հետազոտությունները, նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր: Երկուսն էլ եկել են գիտակցութան, սակայն մեկը դեռևս շնչում է արհեստական սարքի օգնությամբ: Բժշկական անձնակազմի խոսքով` երիտասարդներին հետագայում սպասում է վերականգնողական և պլաստիկ կրկնակի վիրահատություններ:

Մյուս տուժածների մոտ առկա են սալջարդեր և բեկորային վնասվածքներ: Բոլորի վիճակը բավարար է, կատարվել են անհրաժեշտ հետազոտությունները և բժշկական միջամտությունները, նրանք գտնվում են մասնագետների մշտական հսկողության ներքո: Տուժածներից մեկը` 37-ամյա հղի կին է, որի կյանքին և պտղին վտանգ չի սպառնում: Նրան հսկում է ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը:

Հիվանդներն ապահովված են բոլոր անհրաժեշտ դեղերով և բժշկական պարագաներով:

09:10

ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հարգելի լրագրողներ և օգտատերեր, այս պահի դրությամբ իրավապահների կողմից մատուցվող տեղեկատվությունը խիստ նախնական է, ուստի միանշանակ պնդումներ դեռևս չի կարելի անել։ Տեղում աշխատում է ՀՀ իրավապահ համակարգի բոլոր ներկայացուցիչները։ Մինչև չլինի փորձագետների եզրակացությունները որևէ բան պնդել հնարավոր չի։Այս պահի դրությամբ։1 ավտոբուսը դիզ վառելիքով էր2 ավտոբուսը չի վառվել, տեղի է ունեցել «չոր» պայթյուն։3 ավտոբուսը պայթել է ընթացքի մեջ։4 վարորդը ողջ է և գիտակցության մեջ։5 պայթյունի հարուցիչը ֆուգասային է, բեկորային չի։

08:00

Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղարի հայտարարությունը

Երևանում ուղևորատար ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի վայրում իրականացվում են փրկարարական և քննչական աշխատանքներ: Հայաստանի Հանրապետության Նախագահին պարբերաբար զեկուցվում է աշխատանքների ընթացքի վերաբերյալ: Նախագահ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հանձնարարել է ուժեղացնել պարեկապահակային ծառայությունը: Առողջապահության նախարարությունը իրականացնում է անհրաժեշտ միջոցառումներ` տուժածներին բուժ.օգնություն ցուցաբերելու ուղղությամբ:

Հանրությանը կոչ ենք անում զերծ մնալ չստուգված տվյալների տարածումից:

07:10

ՀՀ Գլխավոր դատախազության հաղորդագրությունը

Երևանում ուղևորատար ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելը, եթե այդ արարքներն անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ) հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության վարչության վարույթում, հաղորդում է ՀՀ գլխավոր դաախազությունը:

«Փորձագետների մասնակցությամբ քննչական խումբն իրականացնում է դեպքի վայրի զննություն, կատարվում են անհետաձգելի քննչական, դատավարական և օպերատիվ հետախուզական գործողություններ»,- նշված է հաղորդագրությունում։

07:00

ԱԻՆ-ը հաղորդում է.

Ապրիլի 26-ի, ժամը 04.20-ի դրությամբ կա 8 տուժած՝ 1963 թ. ծնված Հասմիկ Սուրենի Մելքոնյան, 1979 թ. ծնված Անուշ Արշալույսի Եղիկյան, 1971 թ. ծնված Հարություն Նազարի Թերզյան, 2002 թ. ծնված Էդգար Արայիկի Գասպարյան, 2001 թ. ծնված Անահիտ Սարգսի Միքայելյան, 2001 թ. ծնված Ռոլանդ Սուրիկի Խոջայան, 1955 թ. ծնված Արեգնազ Սարգսի Ղալեչյան, 1994 թ. ծնված Արթուր Վաչիկի Մարգարյան, ով տեղափոխվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն», որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Տուժածները ՀՀ քաղաքացիներ են:

Կան 2 զոհ, որոնց ինքնությունները ճշտվում են:

Մյուս տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները Էդգար Արայիկի Գասպարյանի և Ռոլանդ Սուրենի Խոջայանի առողջական վիճակը գնահատել են ծանր, Անահիտ Սարգսի Միքայելյանինը՝ բավարար, իսկ մյուսներինը` միջին ծանրության:

Ապրիլի 25

00:28

Գազի բալոնի պայթյունի վարկածը քիչ հավանական է համարվում, քանի որ ավտոբուսն աշխատում էր դիզվառելիքով: Ավտոբուսը պատկանում էր Քինգ դե Լյուքս ընկերությանը:

00:10

ԱԻՆ-ը հաղորդում է.

Ժամը 23.56-ի դրությամբ կան 6 տուժած՝ Հասմիկ Սուրենի Մելքոնյան (ծնվ. 1963 թ.), Անուշ Արշալույսի Եղիկյան (ծնվ. 1979 թ.), Հարություն Նազարի Թերզյան (ծնվ. 1971 թ.), Էդգար Արայիկի Գասպարյան (ծնվ. 2002 թ.), Անահիտ Սարգսի Միքայելյան (ծնվ. 2001 թ.), Ռոլանդ Սուրենի Խոջայան (ծնվ. 2001թ.) և 1 զոհ, որի ինքնությունը ճշտվում է:

Տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները Էդգար Արայիկի Գասպարյանի և Ռոլանդ Սուրենի Խոջայանի առողջական վիիճակը գնահատել են ծանր, Անահիտ Սարգսի Միքայելյանինը՝ բավարար, իսկ մյուսներինը` միջին ծանրության: