Գիշերը հակառակորդը Գրադ կայանքներից հրետակոծել է Մատաղիս բնակավայրը

CfXZPZ0WQAAyIWM Մատաղիս, ապրիլի 4, 2016թ.:

Ապրիլի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը տանկերի, տարբեր տրամաչափի ականանետերի, թնդանոթների, TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային համակարգերի ու ՄՄ-21 (Գրադ) կայանքների կիրառմաբ շարունակել է ինտենսիվ հրետակոծության ենթարկել պաշտպանության բանակի մարտական դիրքերը` արձակելով ավելի քան 240 արկ, հաղորդում են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունից:

Առավել ինտենսիվ հրետակոծություններ են արձանագրվել շփման գծի արևելյան, հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղություններով: ՄՄ-21 (Գրադ) կայանքներից հրետակոծության է ենթարկվել Մատաղիս խաղաղ բնակավայրը:

«Հակառակորդի նախահարձակ գործողությունները չեզոքացնելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են կանխարգելիչ և օպերատիվ իրադրության զարգացմանը համահունչ գործողությունների:

Այս պահի դրությամբ իրավիճակը համեմատաբար հանգիստ է»,- ասված է ԼՂՀ ՊՆ հաղորդագրության մեջ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ ապրիլի 27-ի լույս 28-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 23 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:

«ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը»,- ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել