Քաղաքապետարանը 1,5 մլն դրամ կհատկացնի առաջնագծում զոհված զինվորների ընտանիքներին

14587_bԱպրիլի սկզբին առաջնագծում զոհված, վիրավոր և հաշմանդամություն ձեռք բերած երևանաբնակ զինծառայողների ընտանիքներին աջակցություն կցուցաբերվի. այս մասին մայիսի 2-ին տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությանը ասել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Խիստ կարևոր էր այս հարցում հասցեական մոտեցումը, համաձայն որի և կայացրել եմ իմ որոշումը: Ըստ այդմ, երևանաբնակ զոհված զինծառայողների ընտանիքներից յուրաքանչյուրին կցուցաբերվի 1,5 միլիոն դրամի ֆինանսական աջակցություն, հաշմանդամություն ձեռքբերած երևանաբնակ զինծառայողներին՝ 1 միլիոն դրամ, իսկ վիրավորների ընտանիքներին՝ 500-հազարական դրամի ֆինանսական աջակցություն: Վստահ եմ`կհամաձայնեք, որ սա այն նվազագույնն է, որ մենք պետք է անենք մեր զինվորների ու նրանց ընտանիքների համար»,- ասել է Տարոն Մարգարյանը:

Նա անդրադարձել է նաև Երևան քաղաքի 2016թ. հաստատված բյուջեի մշակութային միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցների վերանայման հնարավորության հետ կապված հանձնարարականին:

«Մշակութային միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցների վերանայման արդյունքում՝ որոշեցինք կրճատել մասնավորապես «Էրեբունի-Երևան» տոնակատարության համար նախատեսված ֆինանսական միջոցները, որի հաշվին էլ կիրականացվի դրամական աջակցությունը ընտանիքներին»,- ասել է Մարգարյանը:

Նա նշել է, որ ներկայում ամփոփվում են զոհված երևանաբնակ զինծառայողների` վարձով ապրող, բնակարանի կարիք ունեցող ընտանիքների ուսումնասիրման արդյունքները. «Առաջիկա օրերին հստակ կունենանք ցանկը և կնախապատրաստենք ավագանու համապատասխան որոշումների նախագծեր, ինչը, համոզված եմ, ավագանու հաջորդ նիստում կհաստատենք և տվյալ ընտանիքներին կապահովենք բնակարաններով»:

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը զեկուցել է, որ նախորդ շաբաթ քաղաքապետի կողմից ԼՂՀ կառավարության հատուկ հաշվեհամարին գումար փոխանցելու հանձնարարականի հետ կապված քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի անունից փոխանցվել է 20 միլիոն դրամ: