Պատերազմն անակնկալ չէր. մեկ-երկու տարի անց Բաքվի համար ուշ կլիներ

pierre terzianԱրցախում մարդկանց մոտ մեծ վճռականություն կա, տրամադրությունները բարձր են, մարդիկ հանգիստ են և գիտեն իրենց անելիքը. Շուշիում ՍիվիլՆեթի հետ զրույցում արցախյան այցի իր տպավորություններն է կիսել Էներգակիրների հարցերով միջազգային առաջատար մասնագետ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի պատասխանատու Պետրոս Թերզյանը:  

Միևնույն ժամանակ, ըստ Պետրոս Թերզյանի, կա «վրդովմունք և ցասում», քանի որ «ամեն ինչ այնպես չէ, ինչպես պետք է լինի»:

«Հայաստանը Արցախի գլխավոր թիկունքն է, և երբ Հայաստանում հարցեր կան, դրանք անմիջական ազդեցություն են ունենում Ղարաբաղի վրա»,- ասել է Թերզյանը՝ այդ խնդիրների թվում նշելով առաջին հերթին «քաղաքական և բարոյական փտածությունը»:

Անդրադառնալով Սփյուռքի արձագանքին՝ Պետրոս Թերզյանը նկատել է, որ այնտեղ կա զանգված, որը գիտակցեց կատարվածը և դուրս եկավ փողոց՝ Արցախին զորակցություն հայտնելու, սակայն եղան նաև թերացումներ: «Զարմանալի է, որ Սփյուռքի մեծ կազմակերպությունները լուռ են, նրանց ձայնը լսելի չէ, բացակա են»,- ասել է նա: Սփյուռքում առկա մյուս խնդիրների թվում Թերզյանն ընդգծել է նաև հանգամանքը, որ սփյուռքահայերն «շատ հայ են, քիչ՝ քաղաքացի», որը նաև իրավունքներ ունի:

«Ղարաբաղի հողին քաղաքակրթություն է ծաղկում, ժողովուրդ, որը եվրոպացիների արժեքներն է կրում»,- ասել է Թերզյանը՝ հավելելով, որ ցույցեր պետք է անցկացվեին նաև Ֆրանսիայի ԱԳՆ-ի, կառավարության շենքի մոտ՝ պահանջով, որ փոխվի քաղաքականությունը ԼՂ հարցում: 

Պետք է խաղաղության վերադառնալ: Պետք է վերադառնալ դիվանագիտության

«Նավթի գների շարունակական անկումը ի՞նչ ազդեցություն ունեցավ Ադրբեջանի վարքագծի վրա, արդյոք քառօրյա պատերազմի սանձազերծման պատճառն այն է, որ Ադրբեջանի նավթի պաշարները պակասում են» հարցին Պետրոս Թերզյանը պատասխանել է.

«Ես ունեմ այն համոզմունքը, որ գլխավոր պատճառը նավթի գների և Ադրբեջանում նավթի արտադրության անկումն է: Ադրբեջանը մեծ երազներով ճամփա ընկավ 1990-ականներին, և 2013թ. նավթի արտադրությունը պետք է հասներ 70 մլն տոննայի: Մինչդեռ 2011թ. հասավ 40 մլն-ի և կանգ առավ, որից հետո անկում սկսվեց»,- ասել է Թերզյանը՝ հավելելով, որ տեղի է ունեցել անխուսափելին:

«Անկումը շարունակվելու է, պաշարների կեսն արդեն սպառվել է: Մնացել է 3 մլրդ բարել նավթ: Տարեկան արտադրում են 300 մլն բարել, հետևաբար ունեն տասը տարվա պաշար: Կարելի է ասել, որ 4-5 տարի անց Ադրբեջանը կլինի երկրորդական, եթե ոչ չորրորդական նավթային երկիր»,- կանխատեսել է Պետրոս Թերզյանը:

«Ինձ համար Ադրբեջանի անկումը սկսված է՝ տնտեսական իմաստով, ինչը ենթադրում է նաև ռազմավարական և, անխուսափելիորեն, քաղաքական իմաստներով: Այդ պատճառով այս պատերազմը անակնկալ չէր. մեկ-երկու տարի անց նրանց համար արդեն ուշ կլիներ: Իսկ մեզ համար վատ ժամանակ է: Իմ համոզմամբ՝ բոլոր միջոցներով պետք է խաղաղության վերադառնալ: Պետք է վերադառնալ դիվանագիտության»,- եզրափակել է Թերզյանը: