ՀԾԿՀ-ն սեփական նախաձեռնությամբ կվերանայի էլեկտրաէներգիայի սակագները

electricity-3Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ կվերանայի էլեկտրաէներգիայի գործող սակագները, հաղորդում են ՀԾԿՀ մամուլի ծառայությունից:

«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հաշվի առնելով 2016թ. օգոստոսի 1-ից մինչև 2017թ. օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար կանխատեսվող էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության, ներկրման և արտահանման հաշվեկշիռը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացրած հայտի արդյունքում՝ ջերմային կայաններին վաճառվող բնական գազի սակագնի հնարավոր փոփոխությունը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գործող սակագներում նախորդ տարիներին կուտակված վնասի փոխհատուցման համար միանվագ ներառված գումարի նվազեցման անհրաժեշտությունը, էլեկտրաէներգետիկական համակարգում գործող ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վրա ազդող մի շարք այլ գործոնների փոփոխությունները և, հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը, իր նախաձեռնությամբ սկսում է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների կողմից էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթաց»,- ասված է ՀԾԿՀ մամուլի հաղորդագրության մեջ:

***

Ապրիլի 7-ին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի` Հայաստան կատարած այցի շրջանակում ստորագրվել էր համաձայնագիր, որով Հայաստան առաքվող ռուսական գազի գինը սահմանին 165 դոլարից իջեցվում է 150-ի՝ 1000 խմ-ի դիմաց:

Ապրիլի վերջին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը դիմել է ՀԾԿՀ՝ բնական գազի գինը վերանայելու հայտով:

Ամսական մինչև 10 հազ. խմ գազի սպառում ունեցող բնակչության համար ընկերությունը 1000 խմ-ի դիմաց գործող 156 հազար դրամի փոխարեն առաջարկում է 146 հազար 700 դրամ սակագին:

Ամսական 10 հազ. խմ և ավելի սպառում ունեցողների համար առաջարկվում է 257.56 դոլար (1000 խմ) սակագին` գործող 276.98 դոլարի փոխարեն: