Սերժ Սարգսյանի և Հերմինե Նաղդալյանի տարբերությունը

kommersant serzh sargsyanԵկեք անկեղծ լինենք, ինչպես ասում է մեր գործընկեր Արմեն Դուլյանը, և տեսնենք, թե ինչ տարբերություն կա ՀՀԿ-ական Սերժ Սարգսյանի և մեկ այլ ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանի միջև հողերի հանձնման մտադրությունների մասով:

Մոտ մեկ շաբաթ առաջ Հերմինե Նաղդալյանը, որը ոչ միայն Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահն է, այլև ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը, ասել է.

«Մեր փոխզիջումը ոչ թե 5 գրավյալ տարածքներն են, այլ այդ համալիրն ամբողջական Մադրիդյան սկզբունքների, որտեղ մենք ներկայացնում ենք որպես մեր խաղաղ, ինքնիշխան պետության համար պայքարող ժողովուրդ, մենք չենք պայքարում ձեր հողերի համար, մենք պայքարում ենք մեր խաղաղ ինքնիշխան պետության համար: Դրա համար մենք ընդունում ենք, որ երբ որ կընդունվի, կլինի հանրաքվեն և կընդունվի կարգավիճակի մասին որոշում, և աշխարհը կընդունի Ղարաբաղի անկախությունը, մենք ձեր հողերը կամ այն հողերը, որոնց վրա մենք այսօր այդ իրավունքը չունենք, մենք այդ հողերը չենք ուզում: Սա մեր բուֆերային զոնան է և սա մեր անվտանգության երաշխիքն է»:

Արդեն մեկ շաբաթ լրատվամիջոցներով տիկին Նաղդալյանի վրա ուղղակի կրակ է թափվում:

Հիմա վերհիշենք, թե ինչ է ասել Սերժ Սարգսյանը 2010թ. մարտի 22-ին սիրիական «Ալ Վաթան» թերթի հետ զրույցում.

«Անվտանգությունն ամրապնդելու համար Ղարաբաղի շուրջ ձևավորվեց անվտանգության գոտի: Այդպես հաճախ է լինում պատերազմների ժամանակ, բայց պատերազմը մեր նախընտրությունը չէր: Հակառակ Ադրբեջանի պնդումներին՝ այդ գոտին մեր կողմից ոչ բնակեցվում և ոչ էլ շահագործվում է: Երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն, և ստեղծվեն անվտանգության և զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին, իհարկե, պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը: Ես բազմիցս հայտարարել եմ այդ մասին: Բայց «փոխզիջում» հասկացության մեջ առանցքային գաղափարը փոխադարձությունն է, և պետք է գիտակցել, որ նման իրավիճակներում միակողմանի զիջումները միայն խորացնում են առկա վտանգներն ու սպառնալիքները»:

Եվ քանի որ առիթ է ստեղծվել, Սերժ Սարգսյանից մի բան էլ հիշեցնեմ:

2001թ. մայիսի կեսերին, Հայաստանի խորհրդարանում ղարաբաղյան հարցով լսումների ընթացքում այն ժամանակ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, պատասխանելով հարց-մեղադրանքին, թե 2001-ից ի վեր ինքը խոսում է փոխզիջումների մասին և դրանով կատարում ԵԱՀԿ-ի հանձնարարությունը, ասաց.

«Ես 2001-ից չեմ խոսում փոխզիջումների մասին, այլ ընդհանրապես 90-ական թվականներից։ Նաև այն ժամանակ, երբ մեր ջոկատներին համոզում էի, որ անհրաժեշտություն կա վերացնելու շատ կրակակետեր։ Դրանց վերացումը կամ անվտանգության գոտու ստեղծումը երբեք նպատակ չի հետապնդել ավելացնել Ղարաբաղի կամ Հայաստանի տարածքը»։

Որո՞նք են Արցախի իրական սահմանները: Այս հարցադրմանը Սարգսյանը պատասխանեց. «Ընդհանրապես ցանկացած երկրի, այդ թվում և մեր սահմանները անցնում են այն տեղով, որտեղով կարողանում ես անցկացնել այդ սահմանը։ Այո՛, ես համարում եմ, որ Աղդամը մեր հայրենիքը չէ։ Եթե բանակցային պրոցես է գնում, ու դու փորձում ես դիմացինիդ հիմարի տեղ դնել, նրա մոտ միայն հեգնանք է առաջանում»։

«Չեմ կարող տուրք տալ հասարակության մեջ տարածվող այն կարծիքներին, որ մենք Աղդամն ազատագրել ենք: Պետք չէ դիմացինին անլուրջ մարդու տեղ դնել: Այո, եղել են տարածքներ, որոնք մենք գրավել ենք: Եվ դրանից մենք երբեք չպետք է ամաչենք: Այդ տարածքները գրավել ենք, որպեսզի ապահովենք մեր հայրենիքի անվտանգությունը: Դրա մասին մենք հայտարարել ենք 1992 թ., 94 թ., հայտարարում եմ հիմա: Միգուցե իմ հայտարարությունը դիվանագիտական չէ, բայց սա է: Հարցին չի կարելի միակողմանի մոտենալ և ամեն քայլափոխի ասել, որ մենք ազատագրել ենք, Աղդամը մերն է, Միրբաշիրը մերն է»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը:

Եվ ընդհանրապես, Հայաստանի բոլոր երեք նախագահները տարբեր առիթներով հայտարարել են, որ ղարաբաղյան կարգավորումը ենթադրում է նաև տարածքային զիջումներ:

Այդ մասին հրապարակավ խոսել է Լևոն Տեր-Պետրոսյանը իր հայտնի մամուլի ասուլիսում (26 սեպտեմբեր, 1997թ.) և շատ ավելի հայտնի հոդվածում («Պատերազմ, թե խաղաղություն. լրջանալու պահը», 1 նոյեմբեր, 1997թ.):

Ռոբերտ Քոչարյանը 2006թ. սեպտեմբերի 28-ին «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության հետ զրույցում ասել է.

«Ղարաբաղի վարչական սահմաններից դուրս կան հողեր, որոնք գրավված են հայկական ուժերի կողմից: Բազմիցս ասել ենք, որ բացի Հայաստանի և Ղարաբաղի միջև գտնվող Լաչինի նեղ հողաշերտից, մենք պատրաստ ենք քննարկել տարածքները Ադրբեջանին վերադարձնելու պայմանները»:

Մեկնաբանել