Տեղեկանք մահվան մասին՝ տրված կենդանության օրոք

Tevan PoghosyanԻսկ Թևան Պողոսյանը չի՞ ցանկանում, որ տասնութ տարեկան զինվորները կռիվ գնալուց առաջ գան ԱԺ-ի դիմաց ու ասեն «Ave, Tevan, morituri te salutant»:

Պարոն պատգամավորը, որը զինակոչիկների սերմնաբջիջների պահպանման մասին օրենսդրական նախաձեռնության հեղինակն է, «մեր գենետիկ բազայի ու նրանց սերունդների շարունակության համար» առաջին հերթին զինվորին ասում է. «Դու կարող է՝ մեռնես, թող սերմնահեղուկդ մնա»: Զինվորն իհարկե հասկանում է դրա հավանականությունը: Բայց պրոցեդուրան, որն առաջարկում եք, մահվան տեղեկանքի պես մի բան է: Տեղեկանք մահվան մասին՝ կենդանության օրոք:

Այս մտահոգության հեղինակ պատգամավորը պարտավոր է օրենքի նախագիծ ներկայացնել, որ տասնութ տարեկանը առաջնագիծ չգնա բազմաթիվ պատճառներով, այդ թվում պարոն պատգամավորի նշած պատճառը: Բայց այս լայնարձակ դարում տասնութ տարեկան մարդու միակ ու առաջնային առաքելությունը վերարտադրվելու գործունեությունը տեսնելը տխուր էր:

Առաջնագիծը երեխաների տեղ չէ: Օրենք հնարեք այս մասին: Տասնութ տարեկանին կյանքի հնարավորություն տվեք, ոչ թե մահվան ծես կազմակերպեք: Տասնութ տարեկանին, հենց տասնութ տարեկանին չի կարելի գնալ առաջնագիծ, որովհետև նրա կյանքը դեռ չի սկսվել, նա դեռ ոչինչ չգիտի ու ուզում է իմանալ ամեն ինչ. մեկը հնարավորություն չունի, մյուսը դեռ մոլորված է, երրորդը…

Տասնութ տարեկանները դեռ չգիտեն` ինչ են ուզում անել կյանքում, ինչ մասնագիտություն են ուզում ընտրել, որտեղ են ապրել ուզում, ինչպես են ապրել ուզում, ում են մեծարում կամ փոքրացնում, ում են ուզում սիրել: Նրանց սխալ բան անելու տարիքն է: Կյանքը շոշափելու իրենց ժամանակն է: Առաջնագիծ ուղարկելով` վերջակետ եք դնում նրանց այս անորոշ, քաոսային, բայց ամենաթանկ, ամենակարևոր, ամենամիակ կինոյի շարունակությունը նայելու դեռ մարդկության կողմից անբացատրելի մնացած պարգևին:

Իսրայել-Իսրայել եք խաղում, բայց հայտնի ֆիլմից Վիցինի նման ամենատակի գիշերանոթը քաշեցիք հանելու, մինչ այդ շատ քայլեր կան Իսրայելի նման անելու, արե´ք…

Ուստի որպես ՀՀ քաղաքացի, որը մասնագիտության բերումով պատիվ ունի տեղեկանալու ամեն «նախաձեռնության», ես «հանդես եմ գալիս»/ինչպես սիրում եք ասել/ հետևյալ նախաձեռնությամբ. «Հաշվի առնելով, որ գենետիկ բազայի ու սերունդների շարունակության խնդիրը օրենսդիրներն ու գործադիրները արդեն կատարել են, և ավելորդ ծախսերի կարիք չի լինի նրանց սերմնաբջիջները պահպանելու համար, առաջարկում եմ օրենսդիր, գործադիր և հարակից բոլոր կառույցների արական սեռի ներկայացուցիչներին, որոնք «հանդես են գալիս» այսպիսի նախաձեռնություններով կամ հերոսական կոչերով, մեկամսյա զինվորական պատրաստվածությունից հետո ուղարկել առաջնագիծ՝ գենետիկ բազան դեռ չհարստացրած տասնութ տարեկաններին փոխարինելու համար, իսկ տասնութ տարեկաններն այդ ընթացքում ավելի ապահով թիկունքում ձեռք կբերեն ռազմական հմտություններ»:

Պարո´ն Թևան, իսկ սերմնահեղուկը տալու եք մո՞րը, թե՞ զինկոմիսարիատում եք պահելու, կնո՞ջն եք նվիրելու, թե՞ թանգարան եք կառուցելու…

Դժբախտություններից մեկն էլ այն է, որ տարիներ հետո, երբ որևէ միայնակ կին որոշի մայր դառնալ, չի գալու վերարտադրման կենտրոն ու չի պահանջելու Թալիշում զոհված տղայի սերմնաբջիջ, որովհետև ինք էլ է ուզելու, որ իր երեխան ապահով լինի, ու ինքն էլ երևի պատգամավորի կդիմի վերարտադրման համար… Այ հենց դրա համար տասնութ տարեկանները պետք է ապրեն, որ տղամարդ դառնան, մտածել սովորեն, որ ընտրելու հնարավորություն ունենան աղջիկները, կանայք, միայնակները, անպտուղներն ու պտղատուները: Դրանից առաջ մի սերունդ արդեն ընտրության մեծ հնարավորությունից զրկվել է նախորդ պատերազմի պատճառով, ու տղամարդու տեղ սկսել են անցնել բոլոր սերմնաբջիջները: Ներողություն նատուրալիզմի համար՝ օրենսդրական նախաձեռնությունն էր այդպիսին…

Միակ հուսադրող բանն այն է, որ առաջարկը չի իրագործվի` ծախսատար է…

Մեկնաբանել