ՊՆ խոսնակը չի պարզաբանում՝ հայկական կողմը դիրքեր վերագրավել է, թե ոչ

artsrun hovhannisyan sՊաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չի ցանկանում պարզաբանել, թե արդյոք հայկական ուժերը Ղարաբաղում վերագրավել են ապրիլյան մարտերում կորցրած որոշ դիրքեր:

Դիտարկմանը, որ ռազմական գործողությունների ժամանակ որոշակի տարածքներ են կորսվել Ղարաբաղի հյուսիսային և հարավային հատվածներում, և տեղեկություններ կան, որ Թալիշի ուղղությամբ որոշ տարածքներ հետ են բերվել, Հովհաննիսյանը հորդորեց դիրքեր կորցնելու, դիրքեր վերցնելու հարցերը հնարավորինս քիչ քննարկել և պարզաբանեց:

«Ինչու: Քանի որ դուք գիտեք՝ խնդիրը մեծ տարածքների մասին չէ, եթե ծառայել եք՝ գիտեք, դա դասակի կամ վաշտի հենակետից անգամ փոքր է: Այս տիպի մանր տարածքների վերցնելու կամ տալու հարցը, եթե շատ քննարկենք, հավատացած եղեք, որ զինվորականներին լրջորեն կխանգարենք իրենց գործը կատարել:

Անցած տարիների ընթացքում, չասեմ՝ երբ, որտեղ, լավ հիշում եք դա, ՀՀ և ԼՂՀ զինված ուժերը իրենց դիրքային բարելավման հսկայական աշխատանք են տարել՝ գրեթե ամեն տարի: Հիմա դա կլինի մի նոր ավելի լավ դիրք, նոր մանևր, խուսավարում՝ աջ , ձախ, վերև, ներքև, ամեն դեպքում՝ դիրքերի բարելավում է գնացել ամեն տարի: Եվ եթե դուք հիշում եք, մենք ընդհանրապես չենք բարձրաձայնել դրա մասին: Որովհետև երբ կա հակառակորդի հետ անմիջական շփման պայման, այսպես կոչված՝ խրամատային անմիջական շփման պայման, յուրաքանչյուր նման քայլ՝ մի քիչ առաջ, մի քիչ հետ, մի քիչ ձախ,- ամեն անգամ չի կարելի մեկնաբանել: Հետո ի վերջո էս պահին էդ զորքը կանգնած ինչ-որ բան է ուզում անել: Հիմա դուք ուզում եք, որ ինքը էդ ինչ-որ բանը չարած, պատմի՞ դրա մասին, արեց-պրծավ, միանգամից զեկուցի՞: Զորքը կաշխատի, ամեն ինչ կավարտվի, կգա իրավաբանական մի հատ ելակետի, էն ժամանակ շատ բան կներկայացվի ձեզ»:

Կրկնվող հարցին, թե արդյոք Թալիշում հայկական ուժերը առաջ գնացե՞լ են, Հովհաննիսյանն արձագանքեց. «Չեմ կարող պատասխանել, որովհետև ռազմական գոտի է: Ֆրոնտային գիծ է: Եթե ոչ ամեն րոպե, ամեն օր մարտական գործողություններ են ընթանում»:

***

Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում հայկական կողմը Լեռնային Ղարաբաղի հյուսիսային և հարավային առաջնագծերում դիրքեր է կորցրել:

Մեկնաբանել