Թուրք ոսկերիչները շրջանցում են ռուսական արգելքը՝ ապրանքներն արտահանելով Հայաստան. Haberturk

Grand BazaarՍտամբուլի Grand Bazaar-ի (Մեծ շուկայի) թուրք ոսկերիչները ռուսական շուկա մտնելու ճանապարհ են գտել՝ իրենց գործունեությունն ուղղելով դեպի Հայաստան, գրում է Haberturk-ը:

«Չնայած թուրքական ոսկու և ոսկերչական իրերի վրա Ռուսաստանը որևէ հատուկ պատժամիջոց չի սահմանել՝ թուրք ոսկերիչները խնդիրների են առերեսվում իրենց արտադրանքը ՌԴ արտահանելու հարցում՝ պայմանավորված բարձր մաքսատուրքերով և այլ խոչընդոտներով»,- գրում է պարբերականը:

Թերթը նշում է,  Grand Bazaar-ի և Ստամբուլի նոր ոսկերչական շուկայի՝ Kuyumcukent-ի առաջատար ոսկերիչները իրենց արտադրանքն արտահանում են Հայաստան:

Ըստ թուրքական թերթի՝ Grand Bazaar-ի շատ կրպակներ ունեն ֆինանսական խնդիրներ զբոսաշրջիկների թվի կրճատման պատճառով, և ոսկերչական կրպակների 5-6 տոկոսն արդեն տեղափոխվել է Հայաստան:

«Ոսկերիչները, որոնց մեծ մասը ազգությամբ հայ են, նախընտրում են այս երկիրը՝ պայմանավորված աշխատուժի համեմատաբար ցածր գներով, ոսկու և ոսկերչական արհեստի բարձր որակով, Ռուսաստանի և նախկին ԽՍՀՄ երկրների հետ ավելի դյուրին առևտրային կապերով»,- գրում է թերթը՝ ընգծելով Եվրասիական տնտեսական միության առկայությունը, որը նպաստավոր է առևտրի համար:

Ակնարկ

Ապրիլին հայտնի դարձավ, որ կառավարությունը լրջորեն քննարկում է թուրքական ապրանքների ներկրումը արգելելու կամ սահմանափակելու հնարավորությունը, և ներկայում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը իրականացնում է ուսումնասիրություններ և հաշվարկներ:  

Տնտեսագետ Բաբկեն Թունյանը վստահ է, որ տնտեսական առումով արգելքից օգուտ, որպես այդպիսին, չկա:

«Տվյալ դեպքում մեր օգուտը Թուրքիային հասցված ֆինանսական վնասն է։ Այսինքն՝ զրկել նրանց այն գումարից, որը թուրքերը ստանում են Հայաստանում սպառվող ապրանքների դիմաց։ Ի՞նչ հետևանք սա կունենա Թուրքիայի համար։ Որպեսզի պատկերը պարզ լինի՝ 2 թիվ նշենք։ 2015թ. Թուրքիայի ընդհանուր արտահանման ծավալը կազմել է մոտ 144 մլրդ դոլար։ Թուրքական ապրանքներ 2015թ. ՀՀ ներմուծվել են 137 մլն դոլարի չափով (ըստ ապրանքի ծագման երկրի)։ Սա նշանակում է, որ Հայաստանի տեսակարար կշիռը Թուրքիայի արտահանման մեջ կազմում է ընդամենը 0,09%։ Այսինքն՝ Թուրքիայի տնտեսությունն այդ հարվածը չի էլ զգա»,- 168.am կայքում գրել է Բաբկեն Թունյանը։

Հունվարի 1-ից ուժի մեջ են մտել Ռուսաստանի պատժամիջոցները Թուրքիայի դեմ, որոնցով արգելվել է թուրքական մի շարք ապրանքների ներկրումը ՌԴ: Որոշումը հետևանք էր ռուս-թուրքական հարաբերությունների սրման այն բանից հետո, երբ անցյալ տարվա նոյեմբերի վերջին թուրքական ռազմաօդային ուժերը Սիրիայի օդային տարածքում խոցել էին ռուսական Սու-24 ռմբակոծիչ ինքնաթիռը:

Ստելլա Մեհրաբեկյան