ՀԷՑ-ը կօժանդակի քառօրյա պատերազմի զոհերի ընտանիքներին

ena«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատիրոջ նախաձեռնությամբ 500 000-ական դրամ կհատկացվի 2016թ. ապրիլին Արցախի սահմանների պաշտպանության համար զոհված զինծառայողների, ինչպես նաև ոչ մարտական զոհերի և զոհված քաղաքացիական անձանց 98 ընտանիքներին, հաղորդում են ՀԷՑ-ի մամուլի ծառայությունից:

ՀԷՑ-ի հաղորդագրության համաձայն` ընկերությունը նաև կմարի այդ ընտանիքների էլեկտրական էներգիայի օգտագործման դիմաց ունեցած պարտքը, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում կվճարի էլեկտրաէներգիայի դիմաց։

««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը նաև միացել է «Տաշիր» ընկերությունների խմբի աշխատակիցների կողմից ձեռնարկված «Խաղաղություն Արցախին» բարեգործական ակցիային, որի նպատակն է ֆինանսական և հումանիտար օգնություն տրամադրել Արցախի Հանրապետության բնակիչներին»,- ասված է ՀԷՑ-ի հաղորդագրության մեջ:

***

ՀԷՑ-ի սեփականատերը ռուսաստանաբնակ հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանն է: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կարապետյանի «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 500 000 դոլար է նվիրաբերում Արցախին և 2000-ական դոլար՝ ապրիլյան պատերազմում յուրաքանչյուր զոհվածի ընտանիքի:

Մեկնաբանել