Արմ. Վիրջինիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Քարտեզում կարմիրով ԱՄՆ այն նահանգներն են, որոնք դեռ չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Քարտեզում կարմիրով ԱՄՆ այն նահանգներն են, որոնք դեռ չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ Վայոմինգ, Տեխաս, Այովա, Ինդիանա, Միսիսիպի և Ալաբամա:

Արևմտյան Վիրջինիան դարձավ Միացյալ Նահանգների 44-րդ նահանգը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Համապատասխան հռչակագիր է ընդունել Արևմտյան Վիրջինիայի նահանգապետ Էրլ Ռեյ Թոմբլինը, որը 2016-ի ապրիլ ամիսը հայտարարել էր նահանգում Ցեղասպանության հիշատակի և կանխարգելման ամիս:

Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը, վկայակոչելով 1915-1923 թվականներին մեկուկես միլիոն հայերի և մեկ միլիոն հույների ու ասորիների սպանությունը, ինչպես նաև մեր օրերին Մերձավոր Արևելքում կատարվող քրիստոնյաների, եզդիների և այլ փոքրամասնությունների ոչնչացումը` նահանգապետ Թոմբլինն իր հռչակագրում նշում է.

«Ճանաչելով և մշտապես հիշելով Հայոց ցեղասպանությունն ու Ողջակիզումը, ինչպես նաև անցյալի և ներկայի բոլոր ցեղասպանությունները՝ մենք պահպանում ենք պատմական հիշատակը, երաշխավորում, որ նման դաժանություններ չեն կրկնվելու, և զգոն մնում ատելության, հալածանքի և բռնության հանդեպ»:

Տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ Համբարձում Կասպարյանը, Նենսի և Էմի Թոլիվերները կարևոր դեր են խաղացել հռչակագրի ընդունման գործընթացում: «1915-ին իմ Համբարձում պապը, ով Անկարայում ցորենի վաճառքով զբաղվող հաջողակ գործարար է եղել, կեսգիշերին տնից բռնի կերպով տարվել և գլխատվել էր: Նույնն արվել էր բազմաթիվ այլ, ավելի կրթված և հաջողակ հայերի հետ, ովքեր բնակվում էին Թուրքիայում», – պատմում է Համբարձում Կասպարյանը, – «Իմ պապը շատ բարի և մեծահոգի մարդ է եղել: Երաշտի տարիներին նա բազմաթիվ մարդկանց սննդով է ապահովել: Հույս ունեմ, որ Արևմտյան Վիրջինիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը որոշ չափով երաշխիք կլինի, որ նման սարսափելի իրադարձություններ այլ մարդկանց հետ չեն կատարվի»:

Հայոց ցեղասպանությունը չճանաչած ԱՄՆ նահանգներն են Վայոմինգը, Տեխասը, Այովան, Ինդիանան, Միսիսիպին և Ալաբաման: