Այս իրավիճակը հնարավորություն է երկրի ներսում փոփոխություններ անելու. Ավետիք Չալաբյան

avetik chalabyan«Արար», «Վերադարձ Հայաստան» հիմնադրամները և «Սահման» ՀԿ-ն ապրիլյան չորսօրյա պատերազմից հետո դրամահավաք են նախաձեռնել` առաջնային օգնություն տրամադրելով պատերազմում զոհվածների և վիրավորների ընտանիքներին: Դրամահավաքի ընթացքում հանգանակվել է 135 000 դոլար, ևս այդքան գումար անհրաժեշտ է զոհված և վիրավորված զինվորների ընտանիքների աջակցության համար: Մայիսի 3-ին «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի տնօրեն Վարդան Մարաշլյանը ներկայացրեց իրենց ծրագիրը, իսկ «Արար» և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամների համահիմնադիր Ավետիք Չալաբյանը վերլուծեց Հայաստանի առջև ծառացած ներքին և տարածաշրջանային խնդիրները: Չալաբյանի ելույթից որոշ մտքեր առանձնացված են ստորև:

Այս ամբողջ իրավիճակը մեզ համար հնարավորություն է երկրի ներսում փոփոխություններ իրականացնելու: Երկրի ներսում փոփոխությունները կիրականանան, եթե անընդհատ լինի հասարակության ճնշումը և պահանջը: Մենք ապրիլ ամսվա ընթացքում արդեն տեսանք, որ մի քանի կոռուցպիոներ հրաժեշտ տվեցին իրենց պաշտոններին: Ավելի շուտ՝ երկու կոռուպցիոներ և երկու գեներալ, որոնք ձախողել էին իրենց աշխատանքը… Դա ընդամենը սկիզբն է: Մենք չպետք է թողնենք, որ իշխանությունը սահմանափակվի ընդամենը կոսմետիկ բաներով: Իշխանության ներսում կոռուպցիան շատ տեղերում է, շատ մասերում է: Ընդհանրապես, պետք է խնդիրը դնել այսպես՝ մարդկանց զոհաբերություններով մի՛ գնացեք, գնացե՛ք կոռուպցիան արմատախիլ անելու ճանապարհով….

Պետք է ճնշումը շարունակել, բայց այդ ճնշման հակառակ կողմն էլ կա: Որոշ դեպքերում իրենք ասում են՝ դե արի, դու արա: Մեզնից ոմանք պետք է պատրաստ լինեն գնալու և անելու ներսից: Ներսից կոռուպցիան արմատախիլ անելու… որովհետև, դա էլ է պետք հիշել, իշխանության խնդրի մի մասը այն է, որ ձևավորվել է կոռուպցիոն համակարգ, որի մեջ մեծ քանակությամբ մարդիկ սովորել են այդպես ապրել: Այդպես են ընտանիք պահում, այդպես են ընկերության հետ շփվում, այդպես են ստատուսի մեջ հայտնվել և այլն: Այդ ձևի մեջ ապրելը մոդել է դարձել: Դժվար է փոխել: Եթե հանում ես, պետք է բերես մարդիկ, որոնք պատրաստ կլինեն սկզբունքայնորեն հրաժեշտ տալ կոռուպցիային:

Այստեղ շատ մարդ կա, որ պետական համակարգից դուրս հաջողության է հասել, բայց մտածեք նաև այն մասին, որ այս պահին պետք է մտնել երկրի տարբեր պետական կառույցների մեջ և դարձնել այդ կառույցները կոռուպցիայից զերծ, արդյունավետ և արագ աշխատող:

Քննարկման տեսագրությունը՝ ստորև:

Մեկնաբանել