«Պատասխան լավաշին». Բաքուն փորձում է տոլման ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ում

Dolma UnescoԲաքուն փաստաթղթեր է նախապատրաստում տոլմայի պատրաստման ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական համաշխարհային ժառանգության ցանկում ներառելու համար:

Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարար Աբուլֆաս Գարաևն այսօր, ռուսական «ՌԻԱ նովոստի» գործակալության փոխանցմամբ, հիշեցրել է, որ Հայաստանն անցյալ տարի «փորձել էր» լավաշը ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգութան ցանկում:

Գարաևը մեղադրել է Հայաստանին «ոչ միայն Ադրբեջանի տարածքները, այլև ադրբեջանական մշակույթն ու խոհանոցը յուրացնելու մեջ»: Նրա պնդմամբ՝ «տոլման պատկանում է ամբողջ թյուրքական աշխարհին»:

***

2014թ. նոյեմբերի 26-ին հայկական լավաշն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 9-րդ նիստին որոշում է կայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի կողմից ներկայացված «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսեւորումները Հայաստանում» հայտը:

2013թ. ներկայացված հայտն անցել է կոնվենցիայով սահմանված ընթացակարգային փուլերը` ստանալով փորձագիտական դրական եզրակացություն։

Այսպիսով, ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկը համալրվեց հայկական ևս մեկ` չորրորդ մշակութային արժեքով: Նախորդ երեքն են ՝ «Դուդուկն ու իր երաժշտությունը», «Խաչքարի արվեստ. խորհուրդն ու խաչքարագործությունը», «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսը:

Ստելլա Մեհրաբեկյան