Նալբանդյանը ԵՄ հանձնակատարի հետ քննարկել է ԼՂ խնդիրը

g_imageՊրահայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 4-ին հանդիպել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանին:

Ինչպես հաղորդում են ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից, քննարկումների առանցքը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակն է եղել:

Նալբանդյանը զրուցակցին ներկայացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Հայաստանի համատեղ ջանքերը` ուղղված ագրեսիայի հետևանքների հաղթահարմանը, բանակցությունների վերսկսման համար բարենպաստ մթնոլորտ ձևավորելուն:

Շեշտվել է, որ հիմնահարցը չունի ռազմական լուծում: ԱԳՆ հաղորդագրության համաձայն` Յոհանես Հանը նշել է, որ ԵՄ-ն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը` ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը:

Նալբանդյանն ու Հանը անդրադարձել են նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններին, գոհունակություն է հայտնվել նոր իրավական հիմքի շուրջ բանակցությունների ընթացքի կապակցությամբ: Կարևորվել է առկա ձեռքբերումների հիման վրա փոխշահավետ համագործակցության զարգացումը: