Ղարաբաղի կարգավիճակի հարցը չի որոշվելու միակողմանի կերպով. Լավրով

1405310236Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է, որ պատճառ չի տեսնում Հայաստանի խորհրդարանականների կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ օրինագծի շուրջ խուճապի համար: Լավրովը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չի որոշվելու միակողմանի կերպով:

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը քննարկելուն: Չէ՞ որ դա Հայաստանը չի քննարկում: Դա երկու պատգամավորների առաջարկություն է: Եվ Հայաստանի կառավարությունը, ըստ իրենց օրենքի, ինչպես նրանք բացատրել են բոլորին՝ հանգստացնելով կրքերը, պետք է եզրակացություն տա այդ օրինագծի վերաբերյալ: Ես այժմ ահազանգ չէի հնչեցնի, և խուճապ պետք չէ»,- ասել է Լավրովը:

«Երբ ես Երևանում էի, և հետո, երբ հեռախոսով շփվում էի իմ գործընկերոջ [ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի – խմբ.] հետ, և հետո, երբ նա արդեն Մոսկվայում էր՝ ապրիլի սկզբի դեպքերից հետո, ինձ հստակ հավաստիացրել են, որ Երևանը  հավատարիմ է մնում խաղաղ կարգավորմանը: Դա նշանակում է, որ Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի ընդհանուր համաձայնության կոնտեքստում, ոչ թե միակողմանիորեն»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Լավրովը նշել է, որ Մոսկվան բարդ, բայց հնարավոր է համարում ԼՂ խնդրի քաղաքական կարգավորումը:

«Թերևս կրքերը պետք է հանդարտվեն, դա պարզ է: Սակայն քաղաքական գործընթացը, քաղաքական կարգավորումն այլընտրանք չունեն: Եվ կան հայտնի գաղափարներ, որոնք քննարկվել են կողմերի հետ: Ես նախկինի նման համոզված եմ, որ բարդ է, բայց հնարավոր է դրանք ամրագրել փաստաթղթերում, որոնք բոլոր կողմերի համար ընդունելի կլինեն»:

Ռուսաստանի արտգործնախարարը հիշեցրել է, որ 2012թ. Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդես էին եկել շփման գծում միջադեպերի հետաքննության, վստահության վերականգնման մեխանիզմի ստեղծման օգտին, և ԵԱՀԿ-ին հանձնարարել էին դրանով զբաղվել, ԵԱՀԿ ներկայացուցիչները այդ նախագծի տարբեր տարբերակներ էին մշակել: «Սակայն, ցավոք, այն ժամանակ՝ 2012թ., գործը առաջ չշարժվեց: Այժմ մենք ցանկանում ենք, որ կողմերը վերադառնան դրան, ԵԱՀԿ-ում գերմանական նախագահությունը ցանկանում է ակտիվություն ցուցաբերել, և մենք խրախուսում ենք դա»,- ասել է Լավրովը:

Նա նշել է, որ ներկայում ամենակարևորը նոր զոհերից խուսափելն է և հրադադարի նոր խախտումներ թույլ չտալը, որի համար հարկավոր է մշակել գործուն քայլեր, գործուն մեխանիզմներ: