Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է, որ պատճառ չի տեսնում Հայաստանի խորհրդարանականների կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ օրինագծի շուրջ խուճապի համար: Լավրովը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չի որոշվելու միակողմանի կերպով:
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը քննարկելուն: Չէ՞ որ դա Հայաստանը չի քննարկում: Դա երկու պատգամավորների առաջարկություն է: Եվ Հայաստանի կառավարությունը, ըստ իրենց օրենքի, ինչպես նրանք բացատրել են բոլորին՝ հանգստացնելով կրքերը, պետք է եզրակացություն տա այդ օրինագծի վերաբերյալ: Ես այժմ ահազանգ չէի հնչեցնի, և խուճապ պետք չէ»,- ասել է Լավրովը:
«Երբ ես Երևանում էի, և հետո, երբ հեռախոսով շփվում էի իմ գործընկերոջ [ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի – խմբ.] հետ, և հետո, երբ նա արդեն Մոսկվայում էր՝ ապրիլի սկզբի դեպքերից հետո, ինձ հստակ հավաստիացրել են, որ Երևանը հավատարիմ է մնում խաղաղ կարգավորմանը: Դա նշանակում է, որ Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի ընդհանուր համաձայնության կոնտեքստում, ոչ թե միակողմանիորեն»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:
Լավրովը նշել է, որ Մոսկվան բարդ, բայց հնարավոր է համարում ԼՂ խնդրի քաղաքական կարգավորումը:
«Թերևս կրքերը պետք է հանդարտվեն, դա պարզ է: Սակայն քաղաքական գործընթացը, քաղաքական կարգավորումն այլընտրանք չունեն: Եվ կան հայտնի գաղափարներ, որոնք քննարկվել են կողմերի հետ: Ես նախկինի նման համոզված եմ, որ բարդ է, բայց հնարավոր է դրանք ամրագրել փաստաթղթերում, որոնք բոլոր կողմերի համար ընդունելի կլինեն»:
Ռուսաստանի արտգործնախարարը հիշեցրել է, որ 2012թ. Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդես էին եկել շփման գծում միջադեպերի հետաքննության, վստահության վերականգնման մեխանիզմի ստեղծման օգտին, և ԵԱՀԿ-ին հանձնարարել էին դրանով զբաղվել, ԵԱՀԿ ներկայացուցիչները այդ նախագծի տարբեր տարբերակներ էին մշակել: «Սակայն, ցավոք, այն ժամանակ՝ 2012թ., գործը առաջ չշարժվեց: Այժմ մենք ցանկանում ենք, որ կողմերը վերադառնան դրան, ԵԱՀԿ-ում գերմանական նախագահությունը ցանկանում է ակտիվություն ցուցաբերել, և մենք խրախուսում ենք դա»,- ասել է Լավրովը:
Նա նշել է, որ ներկայում ամենակարևորը նոր զոհերից խուսափելն է և հրադադարի նոր խախտումներ թույլ չտալը, որի համար հարկավոր է մշակել գործուն քայլեր, գործուն մեխանիզմներ: