Դավութօղլուն հեռանում է Թուրքիայի վարչապետի պաշտոնից

Davutoglu Stand DownԹուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ հեռանում է իշխող կուսակցության առաջնորդի պաշտոնից: Այս հայտարարությունը նա արել է այսօր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) գործադիր մարմնի հանդիպումից հետո: Դավութօղլուն տեղեկացրել է, որ մայիսի 22-ին կուսակցության ղեկավար մարմնի արտահերթ համաժողովին հայտնի կդառնա կուսակցության նոր առաջնորդի անունը: Դավութօղլուն իր թեկնածությունը չի առաջադրելու:

«Ես չեմ ափսոսում այս որոշումն ընդունելու կապակցությամբ»,- Hurriyet Daily News-ի հաղորդմամբ ասել է Ահմեդ Դավութօղլուն:

Նա նշել է, որ իր վարչապետությունը հաջողված է ներդրումների, ահաբեկչության դեմ պայքարի տեսանկյուններից:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է համաժողովի արդյունքը՝ ասելով, որ դա Դավութօղլուի որոշումն էր:

Էրդողանի և Դավութօղլուի հարաբերությունները վերջին շրջանում լարված են: Մայիսի 3-ին Թուրքիայի վարչապետն ասել էր, որ առանց վարանելու կհեռանա ցանկացած պաշտոնից: Նրա այս հայտարարությանն ի պատասխան՝ Էրդողանը հորդորել էր Դավութօղլուին «չմոռանալ՝ ինչպես է ստացել իր պաշտոնը»:

Երկրի քաղաքական կյանքում վարչապետի դերը է՛լ ավելի է թուլացել անցյալ շաբաթ, երբ Դավութօղլուն զրկվել էր ԱԶԿ-ի տարածքային առաջնորդներին նշանակելու իրավունքից: