Բողոքի ակցիա ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի` Ազգային ժողովի դիմաց, դեկետմբերի 4, 2013թ.:
Կառավարությունն առաջարկում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով նախատեսված սոցիալական վճար կատարելու պարտադիր ժամկետը երկարաձգել մինչև 2018թ. հուլիսի 1-ը:
Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, գործադիրը մայիսի 5-ի նիստին հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին: Համաձայն հաղորդագրության` օրինագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ըստ նախնական գնահատականի` հարկային օրենսդրության էական փոփոխությունները նախատեսվում են ավարտին հասցնել 2017թ. վերջին, որից հետո անհրաժեշտություն կառաջանա ապահովել հարկային համակարգի էլեկտրոնային ծրագրերի համատեղելիությունը կենսաթոշակային համակարգի էլեկտրոնային ծրագրերի հետ: Նախնական գնահատականի համաձայն` վերոնշյալ աշխատանքներն ավարտին կհասցվեն 2018թ. առաջին եռամսյակի ընթացքում:
Կառավարությունում նշում են, որ մինչ վկայակոչված ժամկետը պահպանվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի բոլոր իրավակարգավորումները:
Երկու տարի առաջ բողոքի ցույցեր առաջացրած պարտադիր կենսաթոշակային համակարգն ի վերջո ուժի մեջ մտավ փոփոխված տարբերակով: Ներկայում աշխատավարձի 5% կուտակումը պարտադիր է միայն պետական համակարգի աշխատակիցների և աշխատաշուկա նոր մտնողների համար: Մասնավոր հատվածի վրա պարտադիր բաղադրիչը պետք է տարածվեր 2017թ. հուլիսից: