Կառավարության եզրակացությունը չի նշանակում հավանություն այդ նախաձեռնությանը. ՀՀ ԱԳՆ

MFA New BuildingՀՀ արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ` կառավարության կողմից «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծին հավանություն տալու առնչությամբ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «ՀՀ Ազգային ժողովի երկու պատգամավորների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին նախաձեռնության վերաբերյալ կառավարության եզրակացության շուրջ ասեկոսեներն անտեղի են: Կառավարության եզրակացությունը չի նշանակում հավանություն այդ նախաձեռնությանը։

Հայաստանը բազմիցս հստակ հայտարարել է, թե որ դեպքում կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։

Որպես կանխատեսելի և վստահելի գործընկեր՝ նման կարևոր որոշման կայացման պարագայում Հայաստանի Հանրապետության նախագահը նախապես կտեղեկացնի իր գործընկերներին, առաջին հերթին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին:

Մենք հուսով ենք, որ Ադրբեջանն իր մեջ բանականություն կգտնի և զերծ կմնա ապրիլի սկզբին սանձազերծած արկածախնդրության կրկնությունից: Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանքի բացակայության գիտակցմամբ է միայն հնարավոր վերադարձնել գործընթացը բանակցային դաշտ և գտնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրագործման արդար և արդյունավետ ուղին»:

***

Կառավրությունը մայիսի 5-ի նիստին հավանություն է տվել «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծին:

Կառավարության եզրակացությունը հետևյալն է. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նա­խագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննար­կում­ների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը, այսօր մեկնաբանելով եզրակացության նախագծի հաստատման մասին լուրը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ էր արել «խուսափել քայլերից, որոնք կարող են խարխլել փխրուն հրադադարն ու հանգեցնել իրադրության սրման»:

Պատասխանելով հարցին, թե արդյոք որոշումը քննարկվել է Ռուսաստանի հետ, թե ոչ, Պեսկովն ասել էր. «Ո՛չ, Մոսկվայի հետ դա չի քննարկվել»: