Զինված, բայց անձրևից անպաշտպան

Talish Soldiers Անձրևանոցներ՝ քաղաքացիներից սահմանապահ զինվորներին

Օրեր առաջ Սարգիս Մուրադյան պատկերասրահի տնօրեն Զարուհի Մուրադյանը տեղեկացրել էր, որ նախորդ շաբաթ Արցախի հյուսիսային հատվածի դիրքեր կատարած այցելության ժամանակ տեսել էին տեղատարափ անձրևի տակ թրջվող սահմանապահ զինվորների: Հարցին, թե ինչու տղաները որևէ կերպ պաշտպանված չեն անձրևից, նրանց պատասխանել էին, որ տվյալ հենակետերում զինվորների համար նախատեսված անձրևանոցներ չկան:

Տիկին Մուրադյանի կոչով՝ երկու օրվա ընթացքում քաղաքացիների մասնակցությամբ իրերի և գումարի հավաքագրման արդյունքում Մատաղիսի հրետանավոր ու հետախուզական, ինչպես նաև Թալիշի դիրքապահ մի քանի ջոկատների սպաներին առձեռն փոխանցվեց 320 հատ անձրևանոց, մի քանի քնապարկ, տաք հագուստ և ծխախոտ: Մեր հարցին, թե ինչ առաջին անհրաժեշտության կարիքներ ունեն դիրքապահները, զինվորները պատասխանեցին, որ սնունդի և զինամթերքի պակաս այս պահին չունեն, սակայն անձրևանոցներն իսկապես խնդիր են՝ հատկապես կամավորների կողմից շարքերի համալրման պայմաններում:

Talish Անձրևանոցներ՝ քաղաքացիներից սահմանապահ զինվորներին

Մայիսի 3-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ անձրևանոցների բացակայության վերաբերյալ հարցին ի պատասխան` ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել էր. «Զինված ուժերում չկա անձրևանոցի… գլոբալ խնդիր»: Խնդրի մասին խոսելիս նա ընդգծել է, որ պաշտպանության նախարարությունը քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ:

Այնուամենայնիվ, մայիսի 4-ին Թալիշի և Մատաղիսի զինվորական հենակետերում դեռևս փաստում էին, որ իրենց պետական միջոցներով անձրևանոցներ չէին տրամադրվել:

Այս օրերին նշված գոտում եղանակը շարունաբար անձրևային է, և հենց այս ուղղությամբ են եղել ադրբեջանական կողմի ապրիլյան հիմնական հարձակումները:

Սեդա Գրիգորյան, Արցախ