Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումը բացասաբար կանդրադառնա խաղաղ գործընթացի վրա. Կոմերսանտ

karabakhԼեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ Հայաստանի կողմից ճանաչման հեռանկարը «մնում է աղոտ», գրում է ռուսական «Կոմերսանտ» թերթը:

Հղում անելով Հայաստանի ղեկավար շրջանակներում իր աղբյուրներին՝ պարբերականը գրում է, որ Երևանն այս քայլը դիտարկում է որպես «պատասխան Բաքվի կողմից հնարավոր հետագա սադրանքներին»:

«Կոմերսանտի»՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին մոտ կանգնած աղբյուրներն էլ ակնարկել են, որ Ստեփանակերտի ինքնիշխանության միակողմանի ճանաչումը «չի կարող դրականորեն անդրադառնալ միջազգային միջնորդների հովանու ներքո բանակցությունների ապագայի վրա»:

«Հուսով ենք՝ հակամարտության կողմերը պատրաստակամություն կհայտնեն կառուցողական բանակցություններ վարելու «ճանապարհային քարտեզի իրագործման հարցով, որն ավելի վաղ մշակվել էր Մինսկի խմբի կողմից՝ երկու մայրաքաղաքների հետ ինտենսիվ խորհրդակցություններից հետո: Լեռնային Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչումը նախնական պայմանավորվածությունների հետ, ինչպես հայտնի է, առնչություն չունի,- ասել են»,- հայտարարել է  «Կոմերսանտի» զրուցակիցը:

***

Կառավրությունը մայիսի 5-ի նիստին հավանություն է տվել «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծին:

Կառավարության եզրակացությունը հետևյալն է. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նա­խագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննար­կում­ների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը, այսօր մեկնաբանելով եզրակացության նախագծի հաստատման մասին լուրը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ էր արել «խուսափել քայլերից, որոնք կարող են խարխլել փխրուն հրադադարն ու հանգեցնել իրադրության սրման»:

Պատասխանելով հարցին, թե արդյոք որոշումը քննարկվել է Ռուսաստանի հետ, թե ոչ, Պեսկովն ասել էր. «Ո՛չ, Մոսկվայի հետ դա չի քննարկվել»:

Պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ «Հայաստանն իր գործողություններով փորձում է խաթարել մինսկյան գործընթացը»: