Սկանդալային բլոգն ու Դավութօղլուի դարաշրջանի ավարտը

Turkey's President Erdogan chats with Prime Minister Davutoglu during a Republic Day ceremony at Anitkabir, the mausoleum of modern Turkey's founder Ataturk, in Ankara, TurkeyԹուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն մայիսի 5-ին հայտարարել է, որ հեռանում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) առաջնորդի պաշտոնից, ինչը նշանակում է, որ նա կթողնի նաև վարչապետի պաշտոնը: Իշխող կուսակցության նոր առաջնորդի հնարավոր թեկնածուների թվում դիտարկվում են Թուրքիայի տրանստորտի նախարար, Էրդողանի մերձավոր Բինալի Յըլդըրըմի ու նախագահի փեսայի՝ էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքի անունները: Թուրքական լրատվամիջոցներում վաղուց էր շրջանառվում լուրը, որ Թուրքիայի նախագահի և վարչապետի միջև տարաձայնություններ կան: Կառավարության ղեկավարի դերը է՛լ ավելի թուլացավ այն բանից հետո, երբ նա զրկվեց իշխող կուսակցության տարածքային ղեկավարներին նշանակելու իրավունքից: Հակասությունների խորացմանը նպաստել է նաև Դավութօղլուի բացասական դիրքորոշումը Թուրքիայի կառավարման համակարգը խորհրդարանականից նախագահականի փոխելու հարցում: Դավութօղլուի մոտալուտ պաշտոնաթողության ազդանշաններից մեկը մայիսի 1-ին հրապարկված The Pelican Brief վերնագրով քաղաքական բլոգն էր, որը հաշվված ժամերի ընթացքում դարձել է Թուրքիայի ազգային հիթ: Բլոգը Թուրքիայի վարչապետին մերկացնող և քննադատող տեքստ էր, որին անդրադարձել են թուրք մի շարք հեղինակներ:

Al-Monitor-ի սյունակագիր Մուստաֆա Աքյոլը գրում է, որ կարևոր էր ոչ միայն բլոգի թիրախը՝ Ահմեդ Դավութօղլուն, այլև փաստը, թե ում անունից էր այն գրված՝ Ռեջեփ Թայիփ Էրդողան՝ «Թուրքիայի ամենազոր նախագահ»:

«Բլոգի հեղինակն իրեն ներկայացնում է որպես մեկը նրանցից, ով կզոհաբերի իր հոգին հանուն ՂԵԿԱՎԱՐԻ: Այդ բառը տեքստում հանդիպում է 73 անգամ և ամեն անգամ՝ մեծատառերով: Հեղինակը միտումնավոր կերպով թաքցնում է անունը, սակայն շուտով մարդիկ, որոնք քաջածանոթ են Անկարային, սկսեցին խոսել, որ դա Էրդողանին մոտ կանգնած լրագրող է, որը կարող էր բլոգը գրած լինել միայն նախագահական գրասենյակից կանաչ լույս ստանալու դեպքում»,- գրում է Աքյոլը:

Սյունակագիրը, վերլուծելով սկանդալային բլոգը, նշում է, որ այն կրկնում է Էրդողանի թեզը՝ «Թուրքիայի դեմ կան բազմաթիվ դավադրություններ», սակայն պետությունը «պաշտպանում է միայն նախագահի իմաստությունն ու հզորությունը»: Քննադատական հոդվածը մերկացնում է այսպես կոչված դավաճաններին, որոնցից գլխավորը վարչապետ Ահմեդ Դավութօղլուն է:

«ՂԵԿԱՎԱՐԸ մոտ երկու տարի առաջ օրհնել էր նրան՝ շնորհելով վարչապետի աթոռը, սակայն երկու պարզ ակնկալիքով՝ չհամագործակցել Արևմուտքի և երկրի ներսում «դրա Տրոյական ձիերի» հետ, որոնց նպատակն է տապալել Էրդողանին»,- Դավութօղլուի մասին գրված սկանդալային բլոգից հատված է մեջբերում Մուստաֆա Աքյոլը ու նշում, որ, անանուն բլոգերի պնդմամբ, Դավութօղլուն չի իրագործել այդ առաքելություններից և ոչ մեկը, այլ, ընդհակառակը, «ջերմ ազդանշաններ է տվել Արևմուտքին՝ հարցազրույց տալով չարիքների չարիք The Economist պարբերականին, Նյու Յորքում հանդիպելով ամերիկացի բանկիրների հետ, փորձելով դեմ առ դեմ հանդիպում կազմակերպել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, պայմանավորվածություններ կայացնելով Եվրոպական Միության հետ և այդ ամենը ներկայացնելով որպես սեփական հաջողություն, մինչդեռ ամբողջ հաջողությունը պայմանավորված է Էրդողանի գործոնով»: Դավութօղլուն մեղադրվել է նաև նրանում, որ «ընտրարշավներում երբեք չի քարոզել անցում նախագահական համակարգի և չի պաշտպանել Էրդողանին ընդդիմության անվերջ ստերից»:

Անանուն հեղինակը Դավութօղլուին մեղադրել է նաև բազմաթիվ այլ բաներ ինքնագլուխ անելու մեջ՝ հակառակ Էրդողանի կամքին: Դավութօղլուն, ի թիվս այլ բաների, դեմ է եղել լրագրողների և գիտնականների ազատազրկմանը, և դա նույնպես ներկայացվել է որպես նրա «դավաճանության» ապացույց:

Ինչպես իր սյունակում եզրակացնում է Մուստաֆա Աքյոլը, Դավութօղլուն կհիշվի պատմության մեջ որպես մեկը, որը ստանձնեց վարչապետի պաշտոնը «շատ դժվար ժամանակահատվածում և փորձեց անել հնարավորը ծայրաստիճան խրթին պայմաններում»:

Դավութօղլուի դարաշրջանի ավարտը. Ջենգիզ Չանդար

Էրդողանի և Դավութօղլուի միջև հակասության պայմաններում, վստահ է սյունակագիր Ջենգիզ Չանդարը, շատ թե քիչ ակնհայտ էր, որ Դավութօղլուի «գլուխը կկտրի պետության ամենազոր ղեկավարը», ինչպես դա եղել է Օսմանյան կայսրության ժամանակ վեզիրների հետ, որոնք «հակառակվում էին սուլթանին»:

Չանդարն անդրադառնում է այն փաստին, որ Դավութօղլուն զրկվեց կուսակցության տարածքային ղեկավարներին նշանակելու իրավունքից, և Էրդողանի մտահղացմամբ՝ նրան մնում էր երկու տարբերակ՝ շարունակել պաշտոնավարել որպես հեղինակազրկված վարչապետ կամ հեռանալ:

Անդրադառնալով The Pelican Brief սկանդալային բլոգին՝ Չանդարը նկատում է, որ բոլոր նրանք, ովքեր ծանոթ են Թուրքիայի քաղաքական պատմությանն ու «Արդարություն և զարգացում» կուսակցության պատմությանը, հասկացան, որ Դավութօղլուի օրերը հաշվված են:

«Այսպիսով, Դավութօղլուի դարաշրջանը թուրքական, միջազգային, մերձավորարևելյան և իսլամական աշխարհի քաղաքական կյանքում ավարտվեց: Նա չափազանց հավակնոտ ֆիգուր է: Նա իր հետքն է թողել միջազգային ասպարեզում Թուրքիայի և՛ վերելքի, և՛ անկման վրա: Նա համարվում է Մերձավոր Արևելք Թուրքիայի նոր մուտքի ճարտարապետը, ինչի արդյունքում աշխարհում նրան շատերը բնութագրում են որպես «նեո-օսմանական»»:

Չանդարը գրում է, որ Դավութօղլուն է «զրո խնդիրներ հարևանների հետ» կարգախոսի հեղինակը, մինչդեռ հենց նրա օրոք եղավ այնպես, որ չկա գեթ մեկ հարևան կամ միջազգային խաղորդ, որի հետ Թուրքիան չունենար խնդիրներ:

«Նա դատապարտված է հիշվելու որպես արտաքին քաղաքականության ոլորտում Թուրքիայի աննախադեպ ձախողումների ճարտարապետ,- նշում է հեղինակը: – Այդուհանդերձ, դրանք չեն, որ ընկած են Էրդողանի հետ նրա տարաձայնությունների հիմքում: Իրական հակասությունը, որը հանգեցրեց Դավութօղլուի անկմանը, նրա անվերահսկելի էգոն է և հավակնությունները, որոնք նրան թույլ չէին տալիս հավատարմություն ցուցաբերել է՛լ ավելի մեծ էգո Էրդողանին, այնպես, ինչպես վերջինս պահանջում է իր նվիրյալներից»:

«Հնարավո՞ր է արդյոք Դավութօղլուի վերադարձը,- վերջում հարցադրում է անում Չանդարը և պատասխանում: – Ո՛չ: Դավութօղլուն մեծ դեր է խաղացել ԱԶԿ-ի սխալներում: Նա հեռանում է բեմահարթակից այնպիսի թույլ դիրքերով, որ նրա համար գրեթե անհնար կլինի վերադառնալ»:

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել