Տնտեսագետները քննարկում են էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հարցը

13178799_800734273391452_5200217375750877066_n Լուսանկարը` «Մեդիա կենտրոնի» Ֆեյսբուքի էջից:

ՀԱԿ կուսակցության անդամ Վահագն Խաչատրյանը, տնտեսագետներ Արտակ Մանուկյանը և Հայկ Գևորգյանը, Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը մայիսի 6-ին «Մեդիա կենտրոնում» քննարկում էին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ)` սեփական նախաձեռնությամբ էլեկտրաէներգիայի սակագինը վերանայելու հարցը:

Բանախոսներից Հայկ Գևորգյանի կարծիքով, երբ խոսվում է սակագնի իջեցման մասին, շատ կարևոր է նախևառաջ հասկանալ, թե ինչու հոսանքի սակագինը բարձրացվեց անցյալ տարի։ «Մենք քննարկում ենք սակագնի իջեցման կամ բարձրացման հարց, մինչդեռ պետք է քննարկենիք եղած սակագինը, որը բարձրացվեց, արվեցին երկու աուդիտներ, ու չտրվեցին սպառիչ պատասխաններ, հարցը մնաց չլուծված։ Սա պետք է հասկանալ, գուցե եթե անցած տարի քննարկվեր հոսանքի այդ պահին գործող սակագինը, պարզ դառնար, որ այն արդեն իսկ մեկ անգամ անհարկի բարձրացվել էր, ու հաշվարկը կատարվեր ոչ թե 41.85 դրամից, այլ ուրիշ թվից»,- ասաց նա։ Ըստ Գևորգյանի՝  երբեք չի քննարկվել, թե եղած սակագինը որքանով օպտիմալ ու ազնիվ է սահմանված, նոր այն բարձրացնել կամ իջեցնել։

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը, խոսելով օպտիմալ սակագնի մասին, ասաց, որ ռացիոնալ սակագին հասկացողության մեջ դրվում է միջին աշխատավարձով ապրող քաղաքացու գազ և հոսանք սպառելու կարողությունը։ «Եկամուտների բազան շատ կարևոր է գազի և էլեկտրաէներգիայի սակագին սահմանելու համար»,- նշեց նա։ Մանուկյանի պնդմամբ` այս կարևոր բաղադրիչը միշտ անտեսվում է սակագնի վերանայման ժամանակ։ Անդրադառնալով սակագնի նախորդ բարձրացումներին` տնտեսագետն ասաց, որ երբ հոսանքի սակագինը բարձրացվեց մոտ յոթ դրամով, գործոններից առաջինը դոլար-դրամ հարաբերակցությունն էր, ինչն այս պահին չի փոփոխվել և մնացել է նույնը. «Երկրորդը ջրաբեր տարվա ցուցանիշն է, և եթե մենք համեմատենք հունվար-մարտը, ապա ցուցանիշը նույնն է, և ՋԷԿ-ի տեսակարար կշիռը նվազել է։ Երրորդ գործոնը կուտակած պարտքերն էին, և պարտքի 28 միլիարդի մարումը առանց որևէ բանի կարող էր նվազեցնել սակագինը առնվազն վեց դրամով»։

Սակագնի նվազման մասին իրենց հաշվարկները ներկայացրեց նաև ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը՝ նշելով, որ նախորդ տարվա իրենց հաշվարկները ցույց էին տալիս, որ Հայաստանում գազի համար կարող ենք վճարել 100 դրամ` այսօրվա 156 դրամի փոխարեն։ «Հիմա հաշվի առնելով ջերմակայանների դերը էլեկրակայանների հաշվեկշռի վրա, մենք դեռ հաշվարկներ չենք կատարել։ Սակայն եթե նույն տրամաբանությամբ գնանք և հաշվի առնենք, որ այնտեղ մոտավորապես երեսուն տոկոսով է նվազում, ապա այսօրվա 48.78 դրամը կոպիտ հաշվարկով կարելի է իջեցնել առնվազն տասը դրամով»,- նշեց նա։

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն էլ ասաց, որ սակագնի իջեցման նախաձեռնությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ անցած տարի ատոմակայանը ավելի շատ էներգիա է արտադրել, ավելին` հէկ-երը նույնպես ջրառատ տարի լինելու արդյունքում ավելի շատ էլեկտրաէներգիա են արտադրել. «Կարծում եմ, որ պետք է այնպիսի քաղաքականություն վարենք, որ երկիրը արդյունաբերության ոլորտում արդյունավետ քաղաքականություն ունենա»։

Տնտեսագետ Հայկ Գևորգյանը, արձագանքելով Սաֆարյանին, ասաց, որ տնտեսության զարգացման համար անհրաժեշտ են ոչ թե պետական այս կամ այն մակարդակի միջամտություններ, այլ պարզապես պետք է տնտեսության միջից հանել արհեստական խոչընդոտները և թույլ տալ, որ տնտեսությունը զարգանա։

***

ՀԾԿՀ-ն մայիսի 2-ին հայտարարեց, որ սեփական նախաձեռնությամբ կվերանայի էլեկտրաէներգիայի գործող սակագները:

Հանձնաժողովի հայտարարության մեջ նշված էր, որ որոշումը կայացնելիս հաշվի է առնվել նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացրած հայտի արդյունքում՝ ջերմային կայաններին վաճառվող բնական գազի սակագնի հնարավոր փոփոխությունը:

Ապրիլի վերջին «Գազպրոմ Արմենիա»-ն դիմել էր ՀԾԿՀ՝ բնական գազի գինը վերանայելու հայտով:

Ամսական մինչև 10 հազ. խմ գազի սպառում ունեցող բնակչության համար ընկերությունը 1000 խմ-ի դիմաց գործող 156 հազար դրամի փոխարեն առաջարկում է 146 հազար 700 դրամ սակագին:

Ամսական 10 հազ. խմ և ավելի սպառում ունեցողների համար առաջարկվում է 257.56 դոլար (1000 խմ) սակագին` գործող 276.98 դոլարի փոխարեն: