Եթե ես լինեի…

բնություն-եթե ես լինեի

Եթե ես նախագահ լինեի, երբեք չէի լուսանկարվի զենքով: Նախագահից պիտի խաղաղություն հորդի, նա պիտի լինի «խաղաղության հերոսը»:

Եթե ես լինեի վարչապետ, հաճախ կմտածեի մահվան մասին: Գոնե պատերազմի անունից: Դա խանգարում է գողանալ:

Եթե ես լինեի խորհրդարանի ղեկավար, պատերազմ կհայտարարեի «հայրենասիրություն» բառին: Դա օրենքներ գրելուց ոչինչ չհասկացողների բառն է: Դա կուշտ մարդու հերթական չասելիքն է: Երբ կուշտ մարդը «ասելիք» ունի, նա բավարար կուշտ չէ:

Եթե ես լինեի խորհրդարանի պատգամավոր, չէի մոռանա մարդու դեմքը: Նրան ապրողներ են պետք:

Եթե ես լինեի սոցիալական ապահովության նախարար, կփորձեի հիշել թե ինչպես են սիրում աղքատության մեջ: Մյուսներն այդ ինքդ ես:

Եթե ես կաթողիկոս լինեի, իմ գործունեության ծրագիրը կլիներ «Գիրք Ժողովողին»: Համենայնդեպս, կաթողիկոսը չպետք է խաղա փրկությունը:

Եթե ես լինեի պաշտպանության նախարար, իմ առաջին ընկերը կլիներ հակառակորդի պաշտպանության նախարարը: Գուցե դրանից հետո նա գտնի չզինվելու համար անհրաժեշտ բառերը:

Եթե ես լինեի ԿԸՀ նախագահ, բոլորն իմ աչքերում կկարդային «թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի» մտքի առօրեականությունը:

Եթե ես լինեի Ազգային վիճակագրական ծառայության պետ, գաղտնիքներ չէի ունենա: Մինչեւ գաղտնիքը կդառնար պետական կառավարման հմայք:

Եթե ես լինեի Ոստիկանության պետ, ոչ մի հանցագործի տականք չէի ասի: Նրանք զուգահեռ խաղի կանոնների զոհերն են: Զուգահեռ խաղի կանոնները միշտ հանցածին են:

Եթե ես լինեի Ազգային անվտանգության ծառայության պետ, ամեն օր հրաժարական կտայի: Մինչեւ ժողովուրդը կբյուրեղացվի «ազգային անվտանգությունից»:

Եթե ես դատավոր լինեի, ես կլինեի ունայնության եւ օրենքի միջեւ կապը: Այդ կապի մեջ ուրիշ մեկի համար տեղ չէր գտնվի: Ես կլինեի օրենքին շղթայված միակ բանտարկյալը, որը կորցնելու այլ բան չունի:

Եթե ես գործարար լինեի, իշխանություններից ոչ մեկին դեմքով չէի իմանա: Որովհետեւ գործարարությունը նույնպես ստեղծագործական աշխատանք է եւ այն պալատականություն չի սիրում:

Եթե ես ուսուցիչ լինեի, կսովորեցնեի, որ ամենակատարյալը, հատկապես ակամայից, ստացվում են հարազատների եւ ընկերների հանդեպ արվող ստորությունները:

Եթե ես լինեի բժիշկ, ես հավանաբար կլինեի խոստովանեցնող բժիշկ; Դե թող դրանից հետո գնա ու ստորություններ անի:

Եթե ես աղքատ լինեի, ես կլինեի ինքնասիրության աճուրդի միակ լոտը: Այսինքն, ամենաանգինը: Եվ որպես զոհ էլ ինձ չէին դիտարկի:

Եթե ես հանճար լինեի, կբղավեի, որ լավագույն ստեղծագործությունը լինում է անանուն: Բառերը հավակնոտության մի օղակն են:

Եթե ես զինվոր լինեի, կպատմեի բոլորին, որ պատերազմը սնվում է մեր ատելությամբ:

Եթե ես լրագրող լինեի, իմ հերոսը կլիներ այն զինվորը, որի միակ հերոսությունը խաղաղության այս օրն է:

Մեկնաբանել