«Համախմբում»-ը հայտարարում է «Հայաստան 2017-2022. իրատեսական ծրագրեր» նախագծի մեկնարկի մասին

vartan-oskanian-elinar-vardanyan-vahe-hovhannisyan-stepan-margaryan-unity-party-300x227«Համախմբում» կուսակցության նախաձեռնող խումբը հայտարարում է «Հայաստան 2017-2022. իրատեսական ծրագրեր» նախաձեռնության մեկնարկի մասին, հաղորդում է կուսակցության լրատվական ծառայությունը:

«Մեր խնդիրն է հասարակական, փորձագիտական, մասնագիտական շրջանակների հետ ակտիվ քննարկումների արդյունքում կազմել մեր երկրի զարգացման իրատեսական ծրագրերը` ոլորտ առ ոլորտ: Մենք խնդիր ենք դրել հանրությանը ներկայացնել առաջիկա հինգ տարվա կտրվածքով կոնկրետ քայլերի, կոնկրետ լուծումների փաթեթ:

Մենք նպատակ ենք դրել, որպեսզի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, սոցիալական ցանկացած շերտի ներկայացուցիչ իմանա, որ իր խնդիրներն անտեսված չեն, տեսնի, որ դրանք ունեն հստակ լուծումներ, և որ իր կյանքի որակը կարող է էապես փոխվել:

Երկրի բոլոր կարևոր խնդիրները, ամենացավոտ թեմաները պետք է քննարկվեն բաց և աշխատանքային պայմաններում` ապահովելով տեսակետների բազմազանություն: Որևէ խնդիր անլուծելի չէ: Ուժերը համատեղելով, բոլոր կարծիքները լսելով` կգտնենք լավագույն լուծումները:

«Հայաստան 2017-2022. իրատեսական ծրագրեր» նախաձեռնությունը ներգրավելու է միջազգային փորձագետների: «Ծրագիրն առավելագույնս զերծ է մնալու քաղաքական ենթատեքստերից և իր խնդիրն է համարում պրոֆեսիոնալ և շահագրգիռ շրջանակների հետ երկրի զարգացման համար իրատեսական, արդյունավետ ծրագրերի մշակումը»,- ասված է «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի տարածած հաղորդագրության մեջ:

Ծրագրի շրջանակներում կոնկրետ թեմաների և միջոցառումների մասին առաջիկայում կտրվի ավելի մանրամասն տեղեկատվություն: