Հայ դատի հանձնախումբը (ANCA) մայիսի 3-ին դիմել էր Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասին և կոչ արել բարձրաձայնել Վաշինգտոնի պաշտոնական մտահոգությունը` կապված Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանի դեմ բռնության կապակցությամբ:
Ինչպես հաղորդում է հանձնախմբի կայքը, դեսպանությունը արձագանքել է ANCA-ի կոչին՝ Թուրքիայում ԱՄՆ-ի գործերի հավատարմատարի անունից գրված նամակով: Դրանում, մասնավորապես, ասված է, որ դեսպանությունը տեղյակ է, որ Փայլանը Թուրքիայի խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ վնասվածքներ ստացած պատգամավորներից մեկն է:
«Մենք կիսում ենք ձեր մտահոգությունը առ այն, որ Թուրքիայում ապրող բոլոր մարդիկ՝ անկախ կրոնական և ազգային պատկանելիությունից, պետք է կարողանան իրենց տեսակետերը բարձրաձայնեն՝ չվախենալով սպառնալիքների կամ հաշվեհարդարի ենթարկվելուց»,- ասված է դեսպանության հաղորդագրության մեջ: Թուրքիայում ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունը տեղեկացրել է, որ այդ հարցերը պարբերաբար քննարկվում են Թուրքիայի կառավարության հետ ինչպես պաշտոնական, այնպես էլ մասնավոր շփումներում:
Պատասխանը, սակայն, չի գոհացրել Հայ դատի հանձնախմբին, որի գնահատմամբ՝ նամակում չկա հատուկ անդրադարձ Փայլանի դեմ հարձակումներին:
ANCA-ն հայտարարել է, որ Թուրքիայում ընդհանրապես խոսքի ազատության վերաբերյալ Վաշինգտոնի մտահոգությունը «ողջունելի է», սակայն ԱՄՆ-ը չի դատապարտում հարձակումներն ու սպառնալիքները կոնկրետ Գարո Փայլանի նկատմամբ:
Անցյալ շաբաթ Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանի և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորների միջև ծեծկռտուք էր տեղի ունեցել, որի ընթացքում Գարո Փայլանը հարձակման էր ենթարկվել։ Միջադեպից հետո Փայլանը հայտարարել էր, որ հետապնդումների է ենթարկվում իր հայ ինքնության պատճառով:
Ստելլա Մեհրաբեկյան