Բաքուն սպառնում է «ուսումնասիրել» Եվրատեսիլում Արցախի դրոշի ծածանման հարցը

EurovisionՊաշտոնական Բաքուն սպառնում է «Եվրատեսիլի» կազմկոմիտեի հետ համատեղ «ուսումնասիրրել» մայիսի 11-ին Ստոկհոլմում երգի այդ մրցույթի առաջին կիսաեզրափակչի ժամանակ հայկական պատվիրակության կողմից Արցախի դրոշի ծածանման հարցը:

Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի խոսնակի կարծիքով՝ Հայաստանի քայլն «անընդունելի էր». այն «հակասում է մրցույթի հիմնարար սկզբունքներին և գաղափարներին»:

Մայիսի 11-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում տեղի ունեցավ «Եվրատեսիլ» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որի արդյունքներով Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը մայիսի 14-ին կայանալիք եզրափակչին մասնակցելու իրավունք է ստացել։

Ինչպես հաղորդում է «Եվրատեսիլ» մրցույթը լուսաբանող Wiwibloggs կայքը, ելույթից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսին շվեդ լրագրողը Իվետա Մուկուչյանին հարց է ուղղել քվեարկության ընթացքում Արցախի դրոշը ծածանելու մասին, ինչին ի պատասխան նա ասել է, որ «իր երկիրը խաղաղություն է ցանկանում, և դա է պատճառը, որ ինքը գրել է LoveWave («Սիրո ալիք») երգը»:

«Ես ցանկանում եմ սիրո ալիք սփռել, որ մարդիկ դրա վրա կենտրոնանան»,- ասել է Իվետան:

Հավելելով, որ հարցը սպասված էր, Հայաստանի ներկայացուցիչը հորդորել է «չմոռանալ, որ ինքը ներկայացնում է իր երկիրը, սիրտը, մտքերը և զգացմունքները»:

«Չնայած մրցույթը դիտում է 150 մլն մարդ՝ իմ մտքերը իմ հայրենիքում են»,- ասել է Իվետան:

Նույն հարցն ուղղվել է նաև Ադրբեջանի ներկայացուցիչ Սամրային, սակայն ադրբեջանական պատվիրակությունը հրաժարվել է մեկնաբանել այն՝ ասելով, որ «Եվրատեսիլը» երգի մրցույթ է և վերաբերում է երաժշտությանը:

Մեկնաբանել