Եվրոպական հեռարձակողների միությունը հայտարարություն է տարածել, որում զգուշացում է տվել Հայաստանին այն պատճառով, որ մայիսի 11-ին «Եվրատեսիլ» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակչի ժամանակ ուղիղ եթերում Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը պարզել էր Լեռնային Ղարաբաղի դրոշը:
Միությունը քննադատել է Իվետայի գործողություններն ու հայտարարել, որ Հայաստանի նկատմամբ սահմանում է «զրո հանդուրժողականության քաղաքականություն»: Պատժամիջոցի մանրամասները հայտնի կդառնան հունիսին:
Գործընթացը, Եվրոպական հեռարձակողների միության հաղորդագրության համաձայն, որևէ ազդեցություն չի ունենա շաբաթ օրը կայանալիք եզրափակչում Իվետա Մուկուչյանի ելույթի վրա: Այդուհանդերձ, սա զգուշացում է Հայաստանին, որ «Եվրատեսիլի» կանոնների նոր խախտման դեպքում կարող է որակազրկվել և կորցնել մրցույթին մասնակցելու իրավունքը:
***
Մայիսի 11-ին ելույթից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսին պատասխանելով Արցախի դրոշը պարզելու մասին հարցին՝ Իվետա Մուկուչյանն ասել էր, որ «իր երկիրը խաղաղություն է ցանկանում, և դա է պատճառը, որ ինքը գրել է LoveWave («Սիրո ալիք») երգը»:
Ադրբեջանի պատվիրակությունը հրաժարվել էր պատասխանել նույն հարցին՝ պատճառաբանելով, որ «դա երգի մրցույթ է»: