Մոսկվան` հաջորդ շաբաթ Վիեննայում Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին

putin-sargsyan-aliyev-1-e1461135730897 Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Սոչիում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ, օգոստոս 10, 2014թ.:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը ծրագրվում է հաջորդ շաբաթ Վիեննայում, ռուսական «Ռիա նովոստի» գործակալության հաղորդմամբ` հայտարարել է Ռուսատսնաի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հաջորդ շաբաթ Վիեննայում ծրագրվում է, ընդգծում եմ` ծրագրվում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում: Դրանում ենթադրվում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) արտգործնախարարների մասնակցությունը: Խորհրդակցությունների,- որոնք մշակվում են, որոնք հնարավոր են,- հիմնական նպատակն է փորձել ամրապնդել կրակի դադարեցման ռեժիմը, թուլացնել ռազմական ռիսկերը, պայմանավորվել վստահության հստակ միջոցառումների ամրապնդման շուրջ»,- ասել է Զախարովան` հավելելով. «Մենք ելնում ենք այն բանից, որ այդպիսի հանդիպումը կարող է նպաստել հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և, իհարկե, պետք է ստեղծի անհրաժեշտ պայմաններ` համապարփակ կարգավորման հասնելուն ուղղված բանակցային գործընթացի վերականգնման համար»:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանն այսօր` ավելի վաղ, անդրադարձել է նաև Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Կոնկրետ այս տեղեկատվության մասին ասելու բան առայժմ չունեմ: Անկասկած, Մոսկվայում ողջունում են ցանկացած քայլ, որի նպատակն է թուլացնել լարվածությունը հակամարտության գոտում և վերականգնել երկխոսությունը` քաղաքական կարգավորման տարբերակների որոնման նպատակով»,- ասել է Պեսկովը:

***ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այսօր առավոտյան հանդես էին եկել հայտարարությամբ` նշելով, որ կարծում են` ժամանակն է` Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեն: «Մեր արտգործնախարարները պատրաստ են նպաստել այդ հանդիպման կայացմանը հաջորդ շաբաթ Վիեննայում»,- հայտարարել էին համանախագահները:

Մեկնաբանել