Պետք է անել ամեն հնարավորը՝ վերադառնալու բանակցություններին. Օսկանյան

vartan-oskanian1Մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ բանակցություններին վերադառնալու համար. ռուսալեզու EADaily կայքի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Ցավոք, ներկայիս պատկերն այն է, որ մեր իշխանությունները փորձում են ձեռնպահ կամ հեռու մնալ բանակցություններից, ավելին, պայմաններ են առաջ քաշում, ինչը մեծ սխալ է»,- նշել է նախկին արտգործնախարարը՝ համոզմունք հայտնելով, որ բանակցային սեղանի շուրջ վերադառնալը բխում է հայկական կողմի շահերից:

«Բանակցային տրամաբանությունը մեր հարթակն է, իսկ ռազմական հռետորաբանությունը՝ Ադրբեջանինը,- ասել է Օսկանյանը: – Մեր առաջ դրված խնդիրների լուծման համար բանակցություններ են անհրաժեշտ: Մեր խնդիրն է՝ դե յուրե ամրագրել ԼՂ հակամարտության գոտում առկա ստատուս քվոն, իսկ դրա համար բանակցություններ են պետք: Ադրբեջանի խնդիրը 1991թ. Ստատուս քվոյին վերադարձն է, ինչը տեսականորեն հնարավոր է անել միայն պատերազմի միջոցով: Այսպիսով՝ մենք պետք է անենք ամեն ինչ, որ դիվանագիտությունն ու բանակցություններն աշխատեն»:

Վարդան Օսկանյանի խոսքով՝ բանակցություններում նախաձեռնություն վերցնելը նաև կարևոր է հայկական կողմի համար անընդունելի ձևակերպումների ու առաջարկների ի հայտ գալը թույլ չտալու համար: Նա կոչ է արել չմոռանալ, որ ղարաբաղյան բանակցային գործընթացը ավելի քան երկու տարի խոր փակուղու մեջ է:

Վկայակոչելով արտգործնախարարի իր փորձը՝ Օսկանյանն ասել է, որ եթե ընթանային ինտենսիվ բանակցություններ, քննարկվեին հակամարտության իրական կարգավորման ուղիներ, մենք կկարողանայինք խուսափել ապրիլյան պատերազմից:

Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին

Անցած հինգշաբթի Հայաստանի կառավարությունը հաստատեց ընդդիմադիր երկու պատգամավորների՝ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին օրինագծի իր եզրակացությունը, որն ըստ էության ո՛չ դրական էր, ո՛չ էլ բացասական:

Նախկին արտգործնախարարի խոսքով՝ Հայաստանի կառավարությունն իր որոշմամբ կարևորագույն այս հարցում ստեղծել է անհասկանալի և անընդունելի խառնաշփոթ:

«Ես հասկանում եմ, որ նման քայլ անելով՝ նրանք (իշխանությունները) ցանկանում էին հստակ ազդանշաններ հղել, հող նախապատրաստել ապագա գործընթացների համար, սակայն մտահղացումը կյանքի չկոչվեց: Ավելին՝ մենք դրա բացասական հետևանքների ականատեսը եղանք: Խոսքն այն մասին է, որ սկզբից ի վեր բոլորը միանշանակ կերպով դա ընկալեցին որպես Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ օրինագծին գործադիրի հավանություն: Հաշվի առնելով փաստը, որ կառավարությունն ունի խորհրդարանական մեծամասնության աջակցությունը, բոլորը եկան հետևյալ եզրահանգման՝ Երևանը շուտով պաշտոնապես կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այդ կապակցությամբ հետևեց Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախազգուշացնող արձագանքը: Ակնհայտ է, որ նպատակը դա չէր, սակայն բուն գործընթացը, ինչպես Հայաստանի արտաքին քաղաքականության բազմաթիվ այլ հարցեր, լավ մտածված և մշակված չէր: Եվ մենք ստացանք այն, ինչ ստացանք, ինչը, իմ կարծիքով, բավական բացասական ազդեցություն ունեցավ մեզ համար»:

Վարդան Օսկանյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի ճանաչումը փամփուշտ է Հայաստանի զինանոցում, և այն պետք է օգտագործել ճիշտ պահի՝ առավելագույն և ճիշտ արդյունք ստանալու համար. «Սակայն այս ամենից անձամբ ինձ մոտ ստեղծվեց այն տպավորությունը, որ դա դատարկ կրակոց էր օդ, այսինքն՝ ապարդյուն կրակեցինք, և դա ցավալի է: Ես կարծում եմ, որ նման մտադրություն ի սկզբանե չկար»:

Վարդան Օսկանյանի համոզմամբ՝ ճանաչումը «շատ լուրջ և բարդ հարց է», որին պետք է լրջորեն նախապատրաստվել:

«Եթե կառավարությունը ցանկանում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման գործընթաց նախաձեռնել, առաջին հերթին պետք է լուծի երկու կարևորագույն խնդիր: Առաջին՝ այս հարցը հասարակական-քաղաքական բանավեճի մակերես բերելուց առաջ իշխանությունը պետք է անցկացնի անհրաժեշտ դիվանագիտական աշխատանք և 100 տոկոսով համոզված լինի, որ այդ ճանաչումը չի ունենա Հայաստանի համար բացասական հետևանքներ: Երկրորդ՝ իշխանությունը պետք է 100 տոկոսով համոզված լինի մեր բանակի ներուժի և ռազմական պատրաստականության հարցում. այսինքն, որ բանակն ունակ է Բաքվի նոր ագրեսիայի դեպքում ոչ միայն արդյունավետ հակազդեցություն ցուցաբերել, այլև պարտության մատնել հակառակորդին»: Նախկին արտգործնախարարն ասել է, թե վստահ չէ՝ արդյոք իշխանություններն արել են իր մատնանշած քայլերը, թե ոչ:

Ռուսաստանից հիասթափության մասին

Անդրադառնալով իշխանության և հանրության կողմից Ռուսաստանի հասցեին հնչող քննադատությանը՝ Օսկանյանն ասել է, որ խոսքը տարածաշրջանում Ռուսաստանի շահերի մեր ընկալման ու գնահատականի մասին է, ինչից ելնելով էլ ձևավորվում են մեր ակնկալիքները ռազմավարական դաշնակցից:

«Եթե մեր ակնկալիքները Ռուսաստանից ավելի բարձր էին նրանից, թե ինչ կարող էր նա թույլ տալ իրեն, դա կարող է հիասթափության հանգեցնել»,- ասել է Օսկանյանը՝  Ռուսաստանից հիասթափությունը կապելով, նախևառաջ, Հայաստանի չափազանցված ակնկալիքների հետ: Նա մտավախություն ունի, որ այս ամենի արդյունքում Երևանը վնաս է հասցրել Մոսկվայի հետ իր հարաբերություններին, ինչը կարող է «լուրջ նստվածք թողնել»:

Օսկանյանի համոզմամբ՝ նույն կերպ պետք է վարվի նաև Ռուսաստանը: «Մոսկվան, որպես մեր ռազմավարական գործընկեր, պետք է համանման մոտեցում ցուցաբերի Հայաստանի շահերը գնահատելիս: Թույլ Հայաստանը ձեռնտու չէ Ռուսաստանին. եթե մենք իրական գործընկերներ ենք, Ռուսաստանը պետք է որ շահագրգռված լինի Հայաստանի ուժեղացմամբ»:

Ապրիլյան պատերազմին Թուրքիայի արձագանքի մասին

«Թուրքիայի հարցում մենք չպետք է պատրանքներ ունենանք,- կարծում է Օսկանյանը:- Երբ խոսքը վերաբերում է Ղարաբաղին, Թուրքիան միանշանակ կանգնելու է Ադրբեջանի կողքին»:

Նախկին արտգործնախարարը վստահ է, որ դիվանագիտական ճակատում ավելի լավ կլիներ, եթե Հայաստանի հարաբերությունները լինեին այնպիսին, ինչպիսին էին մինչև 2010թ. Ցյուրիխյան արձանագրությունները:

«Արձանագրություններից հետո կապը կտրվեց, և այսօր, երբ չկան շփումներ, Թուրքիան մեզ համար դարձել է է՛լ ավելի անկանխատեսելի և վտանգավոր: Պետք էր պահել այդ կապը: Ավելի լավ է խոսել, քան չիմանալ՝ ինչ է մտածում Անկարան»:

«Համախմբում» կուսակցության մասին

Իր նախաձեռնությամբ ստեղծվող «Համախմբում» կուսակցության մասին հարցին պատասխանելիս՝ Վարդան Օսկանյանը համոզմունք է հայտնել, որ այն մի քանի ամսում կկարողանա դառնալ իրական այլընտրանքային ուժ իշխող կուսակցությանը: Նա կրկին հերքել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ իր կուսակցության ստեղծմանն առնչություն ունենալու մասին լուրերը:

«Քոչարյանը չի մասնակցել և չի մասնակցում կուսակցության ստեղծմանը:- ասել է Վարդան Օսկանյանը:- Մենք մշտապես պահել ենք մեր կապը, շփումները անգամ հրաժարականից հետո: Տարօրինակ կլիներ, եթե մենք չքննարկեինք նրա հետ կուսակցության ստեղծումը»:

«Ո՞ւմ է տեսնում կուսակցությունը գործընկերոջ և դաշնակցի դերում» հարցին Օսկանյանը պատասխանել է. «Միանշանակ է, որ մենք ցանկանում ենք համախմբել հանրությունը, մարդկանց, ուժերը: Բոլոր նրանք, ովքեր պատրաստ են մեզ հետ կիսել խնդիրները, կարող են մեզ հետ համագործակցել»:

Նախկին արտգործնախարարն ասել է, որ կուսակցության ստեղծումը ինքնանպատակ չէ, և երբ գա ընտրական ցուցակներ կազմելու ժամանակը, մարդիկ չեն ընտրվելու կուսակցական պատկանելության սկզբունքով, այլ «ընտրվելու են արժանի անձինք, ովքեր արդյունավետ աշխատել են այս կամ այն ոլորտում»:

Մեկնաբանելով հավանականությունը, որ ՀՀ նոր սահմանադրությունն ուղղված էր Ռոբերտ Քոչարյանի դեմ և նպատակ ուներ կանխելու նրա վերադարձը քաղաքականություն, Օսկանյանն ասել է, թե «չի բացառում այդ տարբերակը»:

Նրա խոսքով՝ «բոլոր տեսակետերը կենսունակ լինելու իրավունք ունեն, և միայն ժամանակը ցույց կտա՝ ով ինչ նպատակ էր հետապնդում»:

Թարգմանությունը՝ Ստելլա Մեհրաբեկյանի