ԵԱՀԿ-ի կողմից ներկայիս ձևաչափով դիտարկումներն արդյունավետ չեն. Դավիթ Տոնոյան

10534ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը մայիսի 12-ին հանդիպել է Գերմանիայի կառավարության` ԵԱՀԿ գերմանական նախագահության հարցերով հատուկ ներկայացուցչի գրասենյակի պետ Թոմաս Լենկին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

Ինչպես հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպմանը կողմերը քննարկել են ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և հնարավոր զարգացումներին առնչվող հարցեր:

Դավիթ Տոնոյանը Թոմաս Լենկին ներկայացրել է ապրիլի սկզբին ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին ներկայումս տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն: Տոնոյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքին, որ մայիսի 11-ին ԵԱՀԿ առաքելության կողմից Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Թալիշ գյուղի հյուսիս-արևմտյան ուղղությամբ դիտարկումն անցկացնելուց ժամեր անց ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակոցից նույն վայրում սպանվել է պաշտպանության բանակի զինծառայող: «Վերոնշյալ պատահարը ցույց է տալիս, որ ԵԱՀԿ-ի կողմից ներկայիս ձևաչափով իրականացվող դիտարկումներն արդյունավետ չեն, և Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել հրադադարը: Շեշտվել է, որ շփման գծում հետաքննության միջազգային մեխանիզմների ներդրումը նմանատիպ միջադեպերի կանխարգելման արդյունավետ գրավականներից է»,- ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ:

Անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի կողմից տարածվող այն տեղեկատվությանը, թե իբր հայկական կողմը օգտագործել է սպիտակ ֆոսֆորային արկ: Նշվել է, որ վերոնշյալ տեղեկատվության շրջանառության մեջ հայտնվելը ևս մեկ անգամ փաստում է շփման գծում հետաքննության միջազգային մեխանիզմների անհրաժեշտության մասին` նմանատիպ ապատեղեկատվության տարածումը կանխելու համար: