Հայտնի է Հռոմի պապի` Հայաստան այցի ծրագիրը

Pope_FrancisՀՀ նախագահի մամուլի գրասենյակը մանրամասներ է հրապարակել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի` Հայաստան կատարելիք այցի ծրագրի վերաբերյալ:

Այցը կմեկնարկի հունիսի 24-ին: Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի կունենա պաշտոնական դիմավորման արարողություն, որից հետո Հռոմի պապը կմեկնի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին. Մայր Տաճարում տեղի կունենա Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը:

Նույն օրը երեկոյան Պապ Ֆրանցիսկոսը ՀՀ նախագահի նստավայրում հանդիպում կունենա Սերժ Սարգսյանի, ապա ՀՀ իշխանությունների, հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Այցի առաջին օրը կամփոփվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայանալիք Ֆրանցիսկոս Պապի և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիպմամբ:

Հունիսի 25-ի առավոտյան նա կայցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան: Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այնուհետև Գարեգին Բ-ի հետ կմեկնի Գյումրի, որտեղ պատարագ կմատուցվի Վարդանանց հրապարակում: Գյումրիում Հռոմի պապը նաև կայցելի Անարատ Հղության Հայ քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստանի» կուսաստան, Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդանիստ Յոթ Վերք Սբ Աստվածածին եկեղեցի և Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե Մայր Տաճար: Նույն օրը երեկոյան Երևանում՝ Հանրապետության հրապարակում, տեղի կունենա էկումենիկ արարողություն և Խաղաղության աղոթք:

Հունիսի 26-ին Մայր Աթոռ Սբ Էջմիածնում Հռոմի պապը հանդիպում կունենա Հայ կաթողիկե եպիսկոպոսների հետ, կմասնակցի պատարագի արարողությանը և էկումենիկ ճաշկերույթի՝ Ամենայն հայոց կաթողիկոսի, Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների, Հայ կաթողիկե արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների ու պապական պատվիրակության հետ: Ապա Ֆրանցիսկոս Պապը հանդիպում կունենա Հայ եկեղեցու պատվիրակների և բարերարների հետ:

Հռոմի պապը և Ամենայն հայոց կաթողիկոսը կստորագրեն համատեղ հայտարարություն: Նրանք նաև աղոթք կմատուցեն Խոր Վիրապի վանքում:

Նույն օրը Պապ Ֆրանցիկսոսը Երևանից կմեկնի Հռոմ:

***

Ֆրանցիսկոս պապը Կաթոլիկ եկեղեցու երկրորդ առաջնորդն է, որը կայցելի Հայաստան. 2001թ. Երևան էր ժամանել Հռոմի Հովհաննես-Պողոս Երկրորդ պապը` Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700- ամյակի տոնակատարություններին մասնակցելու նպատակով:

Մեկնաբանել