Ժամանակն է, որ տեր կանգնենք մեր երկրին

Լուսանկարը՝ Ռուբինա Մարկոսյանի: Թալիշի առաջնագծում: Լուսանկարը՝ Ռուբինա Մարկոսյանի:

Ես չգիտեմ 2016 թ. ապրիլի 2-ին սկսված չորսօրյա պատերազմում զոհված զինվորների ճշգրիտ թիվը։ Չնայած որ նույնիսկ մեկ զոհը չափազանց շատ է, զոհերի թիվը հասնում է շուրջ  100-ի։ Ներկայում աշխարհում ծավալվող ավելի մեծ հակամարտությունների համատեքստում սա կարող է մեծ թիվ չթվալ, սակայն մեզ համար դա մեծ թիվ է։

Ղարաբաղում մի քանի կարճ օր անցկացնելուց հետո զգացածս տագնապալի, գրեթե սուգի նմանվող լռությունն էր։ Չգիտեմ ինչպես նկարագրել դա… ինչպես բնութագրել լռությունը, կորուստը կամ հուսահատությունը…

Ինչպես եք պատրաստվում մխիթարել մորը, որը կորցրել է 18-ամյա  որդուն: Ինչպես հայրը հաղթահարի առաջին պատերազմի իր տառապանքը, երբ որդին զոհ է գնում նոր պատերազմին: Շատ մարդիկ կորցրին իրենց որդիներին, եղբայրներին, ամուսիններին, ընկերներին: Մյուսները շունչը պահած հետևում էին իրենց սիրելիներին, ովքեր կամավոր մեկնել էին ճակատ։ Անհամար ծնողներ շարունակում են տանջալից օրեր ապրել՝ իմանալով, որ իրենց երեխաները ծառայում են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի առավել վտանգավոր դիրքերում։

Այս՝ գրեթե հավաքական մղձավանջի մեջ մենք համախմբվեցինք մեր զինվորների ու բանակի համար: Մենք սկսեցինք դրամահավաքներ, անհրաժեշտ իրերի հավաք՝ սկսած անձրևանոցներից, վերջացրած ծխախոտով ու քաղցրավենիքով։ Դպրոցականները քաջալերող ու երախտագիտության նամակներ էին գրում։ Բուհերի ուսանողները սկսեցին թարգմանել պաշտոնական լուրերը բազմաթիվ լեզուներով: Հայրերը մեկնեցին ճակատ՝ իրենց որդիների կողքին կանգնելու։

Եվ ակնհայտ դարձավ, որ մենք պատրաստ չէինք: Մենք՝ ժողովուրդը, պատրաստ չէինք առերեսվելու նոր պատերազմի ու դրա արդյունքում ունեցած կորուստների հետ, մեր քաղաքական ու զինվորական ղեկավարության թերացումները բացեիբաց տեսնելու հետ։ Մինչ իշխանավորները զբաղված էին իրենց անձնական հարստությունը դիզելով,  իրենց ու իրենց ընտանիքների համար շքեղ առանձնատներ կառուցելով՝ նրանք մեզ՝ ժողովրդին, և ինչն ավելի ողբերգական է՝ նաև զինվորներին,  դավաճանեցին, ամեն մակարդակում՝ թե՛ բարոյապես, թե՛ քաղաքական, թե՛ ռազմական ու դիվանագիտական մակարդակում։

Թալիշ, զինվորները վառելափայտ են տանում: Լուսանկարը՝ Ռուբինա Մարկոսյանի: Թալիշ, զինվորները վառելափայտ են տանում: Լուսանկարը՝ Ռուբինա Մարկոսյանի:

Ձեր շքեղ ավտոմեքենաները և բանկային յուղոտ հաշիվները, ձեր շոպինգները  Փարիզում, Դուբայում ու Մոսկվայում, ձեր թանկարժեք զարդերը, անձնական մատուռները, որ կառուցել եք ձեր լայնարձակ հողատարածքների վրա,- այդ ամենը դրախտի համար ձեզ տոմս չեն ապահովում: Ընդհակառակը, դրանք միայն առաջացնում են ժողովրդի ցասումը, այն ժողովրդի, որին իբր կոչված եք ծառայելու։ Ծառայել. սա մի բառ է, որը երբեք չեք հասկանա, քանի որ ձեզ իրավունք եք վերապահել արհամարհելու բոլորին ու ապականելու ամեն ինչ, փոխանակ անելու այն, ինչ պետք է անեիք ի պաշտոնե՝ ծառայել ԺՈՂՈՎՐԴԻՆ։

Եվ մենք՝ ժողովուրդը, թերևս մեղքի նույնքան չափաբաժին ունենք։ Մենք ենք ձեզ շնորհել ձեր բացարձակ իշխանության լծակները։ Մենք ապրում ենք մեր անձնական փուչիկների մեջ՝ ձևացնելով, որ ամեն ինչ լավ է, որ ամեն մեկս «մեր գործն» ենք անում: Սակայն այդ կերպ մենք թույլ ենք տվել ձեզ մեծացնելու ձեր իշխանությունն ու հարստությունները, քանի որ մենք չափազանց հանդուրժող էինք ու համակերպվել էինք այդ ամենին։ Բռնաբարվելու մեր հանդուրժողականությունը սահման չունի, ինչպես որ ձեր ագահությունն ու անտարբերությունը սահմաններ չեն ճանաչում։

Սակայն դուք մոռացել եք ամենակարևորը՝ «արյան հետ չեն խաղում», ինչպես Ստեփանակերտում ինձ հանդիպած մի վետերան ասաց։ Այո, ճիշտ այդպես։ Այդ տղաների արյունը ձեր, մեր, բոլորիս ձեռքերի վրա է։ Ժամանակն է, որ դուք հեռանաք, և մենք՝ հասարակ մարդիկ, տեր կանգնենք մեր երկրին:

Երբ դուք գողանում եք պետական բյուջեից, դուք գողանում են փամփուշտներ զինվորից, որոնք կարող էին կյանքեր փրկել։ Երբ դուք չեք վճարում ձեր հարկերը, դուք գողանում եք ռազմական տեխնիկան, որը կարող է հետ պահել «հակառակորդին» ռազմավարական առումով «անկարևոր» դիրքեր գրավելուց։ Երբ պետական ծրագրերից միջոցներ եք հատկացնում հօգուտ անձնական շահի, դուք գողանում եք ապագան։ Դուք այլևս ի վիճակի չեք առաջնորդել մեզ, չեք էլ եղել։ Դուք կարող եք գողանալ մեր քվեները, բայց ճշմարտությունը գողանալ այլևս չեք կարող։ Դուք այլևս չունեք դրա բարոյական հեղինակությունը։

Երկիրը խաղաղության պատրաստելու փոխարեն դուք մեզ պատրաստում էիք պատերազմի։ Դուք պահում էիք ղարաբաղյան հակամարտությունը մեր գլխավերևում։ Մեր առօրյա կյանքի բոլոր բնագավառներ ներթափանցած կոռուպցիայի, անարդարությունների դեմ ներքին պայքարի որևէ նշան, և դուք անմիջապես հանում էիք ղարաբաղյան խաղաքարտը։ Հիշե՛ք, դուք ասում էիք՝ դարպասների մոտ թշնամին է կանգնած, մի ճոճեք նավակը։ Բայց երբ որ պատերազմը եկավ,  պարզվեց՝ դուք  չկաք, գոյություն չունեք, իսկ տղաները, օ՜ այդ տղաները, վճարեցին գինը։

Այս պատերազմի իրական հերոսները ռազմական կամ քաղաքական վերնախավը չեն: Իրական հերոսները այն տղամարդիկ ու տղաներն են, որոնք քաջաբար պահում են սահմանը։ Ձեր դիմակահանդեսն ավարտվել է, պարոնա՛յք: Եկել է ձեր հեռանալու ժամանակը։

Read the article in English