Արցախի ճանաչման օրինագիծը ԱԺ օրակարգ չմտավ

MHM91564-copy«Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը Ազգային ժողովի ընթացիկ նստաշրջանի օրակարգ չմտավ:

Այսօր` ավելի վաղ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն չէր տվել այս օրինագծին:

Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակիցը Ազգային ժողովից, հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը խորհրդարանում քննարկմանն ասաց, որ «խնդիրը հասունացման փուլում է, սակայն չպետք է արվեն քայլեր, որոնք անհարմար դրության մեջ կդնեն մեզ և մեր գործընկեր երկրներին` բանակցային գործընթացը արդյունավետ կազմակերպելու և բոլոր կողմերին ներգրավելու համար»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ԲՀԿ-ն քվեարկությանը չի մասնակցելու: «Հայրենասիրական մրցավազքով պետք չէ զբաղվել: Եթե վստահ լինենք, որ լայնամասշտաբ պատերազմ չենք հրահրի, և մեր ճանաչելուց հետո ողջ միջազգային հանրությունը կճանաչի, մեկ վայրկյանում կճանաչենք: Սակայն մենք կառաջնորդվենք «մի´ վնսաիր» սկզբունքով»,- ասաց նա:

Պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանն ու Խաչատուր Քոքոբելյանը օրինագծի հեղինակներին կոչ արեցին նախագիծը քվեարկության չդնել` հաշվի առնելով քվեարկության պատկերը հետագա շահարկումներից պաշտպանելու հանգամանքը:

«Օրինաց երկիր» խմբակցությունը նույնպես հայտարարեց, որ չի մասնակցում քվեարկությանը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ իրենք նույնպես չեն մասնակցելու քվեարկությանը: «Մենք ի սկզբանե պաշտպանել ենք Արցախի ինքնորոշման սկզբունքը և ձգտել ենք, որ Արցախը անկախություն ստանա Ադրբեջանի կողմից: Մենք կողմ կքվեարկենք, եթե վստահ լինենք, որ անկախությանը կսատարի միջազգային հանրությունը, սակայն այդ վստահությունն այս պահին չունենք»,- ասաց Զուրաբյանը:

Պատգամավոր Վահե Հովհաննիսյանը նույնպես կոչ արեց օրինագիծը չդնել քվեարկության` հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` այսօր Վիեննայում նախատեսված հանդիպումը` պետությանն անհարմար դրության մեջ չդնելու համար:

Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ կողմ կքվեարկի, եթե վստահ լինի, որ լայնամասշտաբ պատերազմ չի սկսվի:

Օրինագծի համահեղինակ Զարուհի Փոստանջյանն արձագանքեց` ասելով, որ պատերազմ սկսվել-չսկսվելու հարցը չի կարող պայմանավորված լինել Արցախի անկախության ճանաչմամբ, որովհետև «պատերազմն արդեն սկսվել և ընթանում է, իրավիճակ է փոխվել, շփման գծում արդեն ինժեներական աշխատանքներ են տարվում Ադրբեջանի կողմից` զինտեխնիկայի տեսքով»: Փոստանջյանի խոսքով` պատերազմը կարող էր կանխվել, եթե Հայաստանը չդառնար Եվրասիական տնտեսական միության անդամ: «ԵՏՄ-ն փորձում է Ադրբեջանին ներգրավել իր շարքերում, և գինը արցախապատկան հողերն են: Եվ մենք պետք է պաշտպանենք այդ հողերը` ճանաչելով»,- ասաց նա:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, թե իրենք չեն կարծում, որ պահը պատեհ է, և «երբ կգա պատեհ պահը, կկազմակերպեն ճանաչում ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային հանրության կողմից»:

Նախագիծը ԱԺ օրակարգ մտցնել-չմտցնելու հարցը դրվեց քվեարկության. կողմ քվեարկեց Հայ հեղափոխական դաշնակցությունը: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ իրենք պարզապես չեն կարող դեմ քվեարկել Արցախի ճանաչման գործընթացին:

***

«Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել էին Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Հրանտ Բագրատյանը:

Կառավրությունը մայիսի 5-ի նիստին հավանություն էր տվել այս օրինագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծին:

Կառավարության եզրակացությունը հետևյալն է. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նա­խագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննար­կում­ների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները»:

Նույն օրը ՀՀ արտգործնախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ` նշելով, որ կառավարության եզրակացությունը չի նշանակում հավանություն այդ նախաձեռնությանը:

Մեկնաբանել