Սերժ Սարգսյանի երեք պայմաններն ու իրականությունը

Սերժ Սարգսյանի հանդիպումը Իլհամ Ալիևի հետ, 19 դեկտեմբեր, 2015թ., Բեռն: Սերժ Սարգսյանի հանդիպումը Իլհամ Ալիևի հետ, 19 դեկտեմբեր, 2015թ., Բեռն:

Մայիսի 14-ին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ «Սերժ Սարգսյանը ս.թ. մայիսի 16-ին աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն՝ Վիեննա, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ»: Այս հաղորդագրությանը նախորդել էր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարվածության աճը: Սերժ Սարգսյանի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից ժամեր առաջ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ հակառակորդը մայիսի 13-ի կեսօրից հետո մինչև 14-ի գիշերը ինտենսիվորեն խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը և ռմբակոծել հայկական դիրքերը, արդյունքում հրազենային վիրավորում է ստացել 1995թ. ծնված զինծառայող:

Այսինքն, Սերժ Սարգսյանի Վիեննա մեկնելու հայտարարությունից ժամեր առաջ Ադրբեջանը ինտենսիվ ռմբակոծություններ է սկսել:

Մայիսի 14-ի երեկոյան, երբ արդեն հակամարտության բոլոր շահագրգիռ կողմերը տեղեկացված էին, որ Սերժ Սարգսյանը համաձայնել է Վիեննա մեկնել ղարաբաղյան հակամարատության շուրջ բանակցություններ վարելու, ադրբեջանական դիպուկահարի կակոցից պայմանագրային զինծառայող սպանվեց Վայոց ձորում:

Այս ամենը ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանը Վիեննա է մեկնում կա՛մ իր կամքից անկախ՝ նրան ստիպել են, կա՛մ մոռանալով, թե ինչ է ասել մի քանի օր առաջ:

Ապրիլի 25-ին «Բլումբերգ» գործակալությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանի համար «տրամաբանական չէ վերադարձը Ադրբեջանի հետ վիճելի տարածքների շուրջ խաղաղ բանակցություններին՝ առանց անվտանգության երաշխիքների, քանի որ «իրավիճակն այժմ միանգամայն տարբեր է»: «Մի կողմից մենք ինչ-որ մի տեղ կբանակցենք, մյուս կողմից՝ ռազմական պաշտոնյաները կներգրավվեն պատերազմի մեջ՝ փորձելով կարգավորել հակամարտությունը»,- ասել էր Սերժ Սարգսյանը:

Իսկ ապրիլի 28-ին Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում Սերժ Սարգսյանը երեք պայման է դրել բանակցությունների վերսկսման համար.

  • շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրում,
  • հասցեական հայտարարություններ,
  • երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի և ահաբեկչության Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ:

Մայիսի 16-ին կարող ենք արձանագրել, որ Սերժ Սարգսյանի դրած որևէ պայման կամ պահանջ բավարարված չէ, և այս իրավիճակում նա գնում է բանակցությունների:

Փաստացի, Սերժ Սարգսյանն իր իսկ գնահտամամբ անում է «ոչ տրամաբանական» քայլ՝ Վիեննա մեկնելով ու Իլհամ Ալիևի հետ հանդիպելով:

Սրանով նա ևս մեկ անգամ ի ցույց է դնում, որ իր խոսքը որևէ արժեք չի ներկայացնում: Ինչքան էլ երկրի ներսում Սարգսյանը ընտրություններ կեղծելու միջոցով իշխանություն զավթած լինի և զրոյական լեգիտիմություն ունենա, միևնույն է՝ միջազգային հանրության մոտ նա ներկայացնում է Հայաստանի պետությունը: Անսկզբունքային ու անվստահելի պահվածքը ուղղակի հարված է Հայաստանի միջազգային վարկին:

Եթե պայման ես դրել, ուրեմն պետք հասնես նրան, որ բավարարվեն քո պայմանները: Իսկ եթե բանակցություններ վերսկսելու համար դրված պայմաններն ի սկզբանե խելամիտ չեն, ապա առաջ է գալիս պետության փաստացի առաջին դեմքի ադեկվատության խնդիրը:

Քանի որ Սերժ Սարգսյանի շրջապատում բնական սելեկցիայով մնացել են դիրքորոշում չունեցող, անսկզբունք, պետության շահը չգիտակցող, զգուշավոր գործիչներ, նրանք չեն էլ կարող պետության առաջին դեմքին հարցեր ուղղել կառավարման ադեկվատության և խոսքի ու գործի տարբերությունների մասին: Նրանց մնում է արդարացնել երկրի փաստացի նախագահի ոչ ադեկվատ պահվածքը, օրինակ՝ հայտարարելով, որ Սարգսյան-Ալիև հանդպումը չպետք է համարել բանակցային գործընթաց: Սարգսյանի փաստաբան-քարոզիչներն ավելի կատարյալ են դարձնում ծուռ հայելիների թագավորությունը, որտեղ մեզ պարտադրում են ապրել:

Սերժ Սարգսյանի դե ֆակտո ու դե յուրե իշխանազրկման պահանջը պետական անվտանգության հրատապ խնդիր է:

Մեկնաբանել