ԸՕ նախագծի` առաջին ընթերցումն անցած տարբերակը «խիստ անընդունելի» է. հայտարարություն

electoral-codeՀայաստանյան ինը հասարակական կազմակերպություններ նոր Ընտրական օրենսգրքի նախագծի երկրորդ ընթերցմանն ընդառաջ հանդես են եկել հայտարարությամբ, որում նշում են, որ նախագծի ներկա տարբերակը, որն անցել է առաջին ընթերցումը, «խիստ անընդունելի» է:

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Մենք` քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, մասնակցելով Ընտրական օրենսգրքի նախագծի վերլուծություններին, պատրաստելով այլընտրանքային առաջարկներ և լուծումներ, և մեր ներկայացուցիչներին լիազորելով` մասնակցելու «4+4+4» ձևաչափով քննարկումներին, հրապարակում ենք սույն հայտարարությունը՝ նախքան Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի նախագծի երկրորդ ընթերցումը: Սույն հայտարարությունն անում ենք` ծանոթացած լինելով Վենետիկի հանձնաժողովի և ԺՀՄԻԳ-ի համատեղ եզրակացությանը, որում արտահայտված մտահոգությունները նույնն են, ինչ` մեր կողմից ներկայացվածները:

Ազգային ժողով ուղարկված նախագծի ներկայիս տարբերակը, որն անցել է առաջին ընթերցումը, մեր կարծիքով խիստ անընդունելի է: Վենետիկի հանձնաժողովի և ԺՀՄԻԳ-ի համատեղ եզրակացությունը համակարծիք է մեր այն գնահատականին, որ նախագիծը չի համապատասխանում միջազգային չափանիշներին և նորմերին թե´ քվեարկության անաչառությունն ապահովելու, թե´ իսկապես ներկայացուցչական, ժողովրդավարական խորհրդարան ձևավորելու առումներով:

Վենետիկի հանձնաժողովը և ԺՀՄԻԳ-ն իրենց համատեղ եզրակացության մեջ առաջարկություններ են ներկայացրել նախագծի խնդրահարույց դրույթների մեծ մասի վերաբերյալ: Ներկայացվել են նաև այն նվազագույն առաջարկները, որոնք անհրաժեշտ են նախագիծը գոհացուցիչ մակարդակի հասցնելու համար:

Թեպետ Վենետիկի հանձնաժողովի և ԺՀՄԻԳ-ի համատեղ եզրակացությունը նախագծում առկա ոչ բոլոր խնդրահարույց կետերին է անդրադառնում, մենք իշխանություններին և Ազգային ժողովին կոչ ենք անում` կատարել եզրակացությամբ առաջարկված փոփոխությունները:

Հատկապես պնդում ենք, որ կարևոր են եզրակացության 14-րդ և 15-րդ կետերում արված առաջարկությունները:

Մեր կողմից ավելի վաղ արված առաջարկություններին համընկնող բոլոր այդ առաջարկությունները չիրագործելը մեր կողմից կհամարվի ընտրական գործընթացի որակը և ընտրությունների նկատմամբ վստահությունը բարձրացնելու` հասարակության և միջազգային հանրության պահանջին ականջալուր չլինելու ափսոսալի դրսևորում:

Օգտագործելով առիթը` վերահաստատում ենք մեր այն կարծիքը, որ ընտրական գործընթացի արժանահավատությունը և որակը փոխելու իրական ներուժ է պարունակում յուրաքանչյուր տեղամասում արդյունքների ամփոփումից անմիջապես հետո ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակելու վերաբերյալ դրույթը»:

Հայտարարությունը ստորագրել են Հայաստանի հելսինկյան կոմիտեն, Լրագրողների «Ասպարեզ» ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոնը, ՄԻՊ «Իրավագետ սերունդ» ՀԿ-ն, Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ-ն, «Կանանց ռեսուրսային կենտրոն – Հայաստան»-ը:

***

Նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը կառավարությունը հաստատեց մարտի 3-ի նիստին և ուղարկեց խորհրդարանի հաստատմանը: Ըստ ժամանակացույցի՝ մինչև հունիս նոր Ընտրական օրենսգիրքը պետք է ընդունված լինի, որով և կանցկացվեն 2017թ. խորհրդարանական ընտրությունները:

Ազգային ժողովը Ընտրական օրենսգրքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունեց ապրիլի 28-ին: Երկրորդ ընթերցումը նախատեսված է մայիսի 17-ին:

Մայիսի 10-ին Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի կայքում հրապարակվել էր այդ հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքը՝ ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ: 25-էջանոց փաստաթղթի հիմնական մասը առաջարկություններն են, որոնք 8-ն են (3 հիմնական և 5 լրացուցիչ): Առաջարկություններին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: