Սարգսյանը պետքարտուղարի հետ քննարկել է զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրումը

17446_bԱշխատանքային այցով Ավստրիայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վիեննայում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի փոխանցմամբ, կողմերը քննարկել են ս.թ. ապրիլի սկզբին ԼՂ հակամարտության գոտում հրադադարի կոպիտ խախտման հետևանքով ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորությունները:

«Կարևորելով Մինսկի խմբի համանախագահողների մայիսի 12-ի հայտարարությունը` Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ բանակցային գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է ապահովել 1994թ. զինադադարի մասին և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի լիարժեք իրականացումը, ինչպես նաև զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի շուտափույթ ներդրումը: Ընդգծելով փաստը, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարներն են նախաձեռնել ներկայիս հանդիպումը:

Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ նրանք նույնպիսի հետևողականությամբ իրենց հասցեական դիրքորոշումներով ու հստակ քայլերով կնպաստեն բանակցությունների վերսկսման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը:

Կողմերը ևս մեկ անգամ վերահաստատել են, որ ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի, և անհրաժեշտ է հիմնարար սկզբունքների հիման վրա գտնել փոխընդունելի լուծման մեխանիզմներ»:

Պետքարտուղար Քերիի հետ հանդիպումից առաջ Սերժ Սարգսյանը հանդիպել էր Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

Ակնկալվում է, որ Վիեննայում հանդիպում տեղի կունենա նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև: