Սերժ Սարգսյանն ամփոփել է Վիեննայի այցը

Sargsyan PlaneՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննայից Երևան վերադառնալու ճանապարհին օդանավում հարցազրույց է տվել այցը լուսաբանող լրագրողներին` ներկայացնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպման արդյունքները:

ՀՀ նախագահի խոսքով՝ ինքն ու իր գործընկերները բավարարված են հանդիպման արդյունքներով:

«Մանրամասներին անդրադառնալու անհրաժեշտություն չկա՝ ելնելով մի քանի հանգամանքից: Ադրբեջանի նախագահը հավաստիացրեց, որ ոչ ինքը, ոչ իր երկիրը նպատակ չունեն պատերազմական գործողություններով հասնել խնդրի լուծման: Բայց լավ հասկանում եք ու նաև կանխատեսում իմ արձագանքը՝ դա լավ է, սակայն քիչ հավատ է ներշնչում»,- լրագրողներին ասել է Սարգսյանը:

«Բոլոր պարագաներում մենք պատրաստ ենք ցանկացած ելքի. իհարկե, մեր ցանկությունն է, որ այդ ելքը լինի խաղաղ ճանապարհը»,- ասել է Սարգսյանը:

Հրադադարի ռեժիմի պահպանման և համանախագահների առաջարկած մշտադիտարկման համատեքստում, ըստ Սերժ Սարգսյանի, հայկական կողմն առաջարկել է, որ այն հաստատավի մինչև նախագահների հաջորդ հանդիպումը:

ՀՀ նախագահը չի բացառել հրադադարի նոր խախտումները, սակայն հույս է հայտնել, որ «շատ ավելի հանդրատ կլինի»:

Սերժ Սարգսյանը շեշտել է, որ հայկական կողմի նպատակը ստատուս քվոյի պահպանումը չէ և ոչ էլ՝ հավերժ պատերազմը, այլ հիմնախնդրի լուծումը խաղաղ ճանապարհով:

Պատասխանելով հարցին, թե ինչպես է Ալիևը բացատրել ապրիլյան ագրեսիան, Սարգսյանը պատմել է, որ Ադրբեջանի նախագահը գործընթացի նախաձեռնման պատասխանատվությունը դրել է Հայաստանի վրա:

ՀՀ ղեկավարը հավաստիացրել է, որ «այս օրերին հայ ժողովուրդն իր խոսքի պակասը չի զգացել» և կարծում է, որ ժողովրդին ուղիղ դիմելու պահը դեռ չի եկել:

«Մենք շահեկան դիրքում կլինենք. ակնհայտ է, որ մենք առաջինը երբեք չենք խախտում հրադադարը, դա մեզ պետք չի»,- հայտարարել է ՀՀ նախագահը:

Տարածքային կորուստների մասին

«Ես չեմ ցանկանում, որ մենք կուրծք ծեծենք և ասենք, որ հաղթել ենք»,- ասել է Սարգսյանը: Վերջինիս խոսքով՝ ինքը հստակ խնդիր է դրել զինված ուժերի, անվտանգության համակարգի առաջ՝ «թույլ չտալ մեր ճակատի ճեղքում և քայքայում»:

«Կարծում եմ՝ բոլորդ համոզվել եք, որ հակառակորդի ծրագրերը ձախողվեցին»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ համոզմունք հայտնելով, որ մեր զինված ուժերը կատարել են իրենց առաջ դրված խնդիրը:

«Մեզ պետք չեն զինված ուժեր, որոնք կգնան արկածախնդրության և կամ կհասնեն հաջողության, կամ՝ ոչ: Մեզ պետք են զինված ուժեր, որոնք վստահորեն կկատարեն իրենց առջև դրված խնդիրը»,- նկատել է ՀՀ նախագահը:

«Եթե զուտ մետրով չափենք, ապա հայկական ուժերը, որոնք որպես անվտանգության գոտի ունեին 800 հազ. հեկտար, դրանից կորցրել են մոտ 800 հեկտարը: Դա չի կազմում անգամ մեկ հազարերորդ մասը»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ վերահաստատելով նախկինում հնչեցրած այն միտքը, որ այդ տարածքները չունեին ոչ մարտավարական, ոչ ռազմավարական նշանակություն:

Մեկնաբանել