Մամեդյարովը` Վիեննայի հանդիպման «լավ հնարավորությունների» մասին

mammadyarovՎիեննայի հանդիպումը լավ հնարավորություն է ստեղծում Լեռնային Ղարաբաղի հարցով բովանդակային բանակցությունների մեկնարկի համար. ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

«Ես համամիտ եմ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի գնահատականի հետ, որ երեկվա բանակցությունները ստեղծում են լավ հնարավորություններ բովանդակային բանակցությունների մեկնարկի համար` հիմնված հակամարտության կարգավորման` հանրահայտ փուլային մոտեցման վրա»,- ասել է Մամեդյարովը` մեկնաբանելով Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

Նա նշել է, որ «տվյալ բանակցությունները պետք է իրականացվեն հնարավորինս շուտ և արդարացնեն տարածաշրջանում բնակվող մարդկանց ու միջազգային հանրության տևական սպասումները` էական արդյունքներով»:

***

Մայիսի 16-ի ուշ երեկոյան Վիեննայում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, որին մասնակցել են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդագրության համաձայն` համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդել են 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

Հանդիպումից հետո համանախագահ երկրների նախարարները հայտարարություն են տարածել՝ ընդգծելով, որ ԼՂ խնդիրը չունի ռազմական լուծում:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը տրամադրված են փոխզիջումների: «Մենք նպատակադրված ենք գործը ավարտին հասցնելու, որպեսզի շարժվենք հակամարտության լիարժեք կարգավորման ուղղությամբ: Հավանաբար կողմերի միջև բավական լարված իրադրության պատճառով դա կարվի փուլ առ փուլ, և կարգավորման առաջին փուլի ուղենիշերը համաձայնեցնելու հնարավորություն կա»,- ասել է նա:

Սերժ Սարգսյանը հանդիպման արդյունքներն ամփոփել է հարցազրույցում: Անդրադառնալով մշտադիտարկման մեխանիզմի ներդրմանը` նա ասել է, որ հայկական կողմը պնդել է` մեխանիզմը հաստատվի մինչև նախագահների հաջորդ հանդիպումը: Սարգսյանը խոսել է նաև տարածքային կորուստների մասին:

Մեկնաբանել